Հումորիստ Սամվել Բաղդասարյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Ավանի թիվ 1 ընտրատաեւածքում եւ դառնալ ԱԺ 131 պատգամավորներից մեկը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հումորիստ Սամվել Բաղդասարյանը (ֆոտոռեպորտաժ)։ Թե ինչու է հայտնի հումորիստը որոշել առաջադրել իր թեկնածությունը, նա նշեց, որ մի անգամ իր ընկերոջ պապիկը ասել է, թե ԱԺ-ում չգիտես ով ում բարեկամն է: «Պապիկի ասելով պիտի առաջադրվեմ, եթե պապիկի ասելով չի, ջահելների ասելո՞վ պիտի լինի, ավելի լավ է ընդունես ավագ սերնդի առաջարկը»,- ասաց նա: Դրանից բացի՝ նա տասնհինգ տարի դրսից՝ քաղաքական սատիրայի միջոցով է ներկայացրել որոշ դրվագներ, բայց ներսից ճանաչելը այլ է, «Առաջին ընտրատարածքում էի ցանկանում առաջադրվել, առաջին թիվը հետաքրքիր է, առաջինի նկատմամբ ձգտումը կա, ոչ մեկ չի ուզում երկրորդը լինել, ես ընդհանրապես մրցունակությանը դեմ չեմ, բայց պետք չէ այդքան առաջինի մոլուցք»,- ասաց նա:
Դրանից բացի՝ նա ցանկանում է առաջադրվել, քանի որ ԱԺ-ն իրեն շատ է հետաքրքրում, փոքրիկ քաղաքական կուլտուրայի բեմադրություն է. «Հետաքրքիր ոլորտ է, հետաքրքիր մարդիկ են հավաքված, մարդիկ, ովքեր մեր ապագան են կերտում, բա չլինենք այդ մարդկանց կողքին, չօգնենք նրանց»,- ասաց նա:
Քաղաքականություն մտնելու որոշում կայացնելիս Սամվել Բաղդասարյանը ունեցել է մի շարք նշանակալից հանդիպումներ հայասատանյան հայտնի քաղաքական գործիչների հետ եւ նրանցից յուրաքանչյուրը յուրովի խորհուրդներ է տվել հումորիստին: Այսպես, Սամվել Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանի, Արտաշես Գեղամյանի, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ, իսկ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հետ էլ սկայպով է զրուցել: Նա ներկայացրեց այդ զրույցներից մի քանի դրվագներ, որոնք ներկայացնում ենք տեսանյութում:
Եւ վերջում նշենք այս ամենը հումոր էր, իսկ նրա հանդիպումը լրագրողների հետ վերածվեց մի փորքիկ ներկայացման:
«Եթե ես որոշում կայացնեմ մտնեմ քաղաքականություն, դա չի լինի այս տարբերակով: Իմ խնդրանքն է՝ լուրջ նայեք ձեր գործին, հասարակությունը ձեզ հետեւում է: Հայաստանը լավ աշխարհ է, գրելով պիտի չսիրես, կամ պարտադիր չի, որ արտահայտես»,- ամփոփեց Սամվել Բաղդասարյանը՝ շեշտելով, որ հասկանում է, որ առաջիկայում լրագրողներին ծանր օրեր են սպասվում եւ այսպես փորձել է թեթեւացնել մեր հոգսը: Իսկ թե երբ նրան կտեսնենք բեմում, ապա քաղաքական սատիրայի մասնագետը նշեց, որ մտահղացում ունի դիմել Հայաստանի երեք նախագահներին, որպեսզի ֆինանսավորեն մեկ ներկայացում:











