Իջեւանի դիրքերում 2010թ. մահացած զինծառայող Արտակ Նազարյանի գործով այսօր` նոյեմբերի 13-ին Բաղրամյան 26 հասցեում նախագահական նստավայրի առաջ բողոքի ակցիա էին անցկացնում` «Հայրենիք, պաշտպանիր քո պաշտպանին» պաստառով:
Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով բողոքի ակցիայի նպատակը, ասաց, որ Տավուշի մարզի առաջին ատյանի նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը փորձում է ներկա փուլում դակել այն մեղադրանքը, որը ներկայացրել է զինվորական դատախազությունը: Իսկ նախաքննական մարմինը, ըստ նրա միակողմանի քննություն է վարել եւ այդ կերպ գործը ինքնասպանության վարկածով մտել է դատարան:
Ծովինար Նազարյանի խոսքով, գործը թերի է կատարվել, հետեւաբար դատավորը պետք է գործը վարույթ չընդուներ, բայց ընդունել է: Իսկ որպես ասվածի ապացույց հետեւյալ փաստերը բերեց: Նրա խոսքով, դատավորը բոլոր միջնորդությունները մերժում է եւ ասում, թե եղած ապացույցները իրեն բավարում են վճիռ կայացնելու համար:«Մինչդեռ բազմաթիվ ապացույցներ են բացակայում: Մենք միջնորդել էինք դատակենսաբանական փորձաքննության ենթարկել Արտակ Նազարյանի հագուստը: Բնական է, որ նրա հագուստի վրա արյուն պետք է լիներ, բայց չի կարելի բացառել, որ նրա հագուստի վրա կարող էր լինել նաեւ ուրիշի արյան հետքեր: Ըստ էության, քննիչները քննություն չեն կատարել, թե Նազարյանը մահից 6 ժամ առաջ, որտեղ է եղել, ինչ է արել, ինչով է զբաղվել եւ որտեղից նրա օրգանիզմում մահից 1 ժամ առաջ հայտնեց ալկոհոլը, որտեղից նրա մարմնի վրա հայտնվեցին բազմաթիվ մարմանական վնասվածքներ: Կամ, եթե դա ինքնասպանություն էր, ինչո՞ւ ինքնասպանության գործիքի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել:Բացի այդ Նազարյանը մահից առաջ ստացել է 120 փամփուշտ եւ բոլոր 120 փամփուշտներն էլ եղել են տեղում»,- մանրամասնեց Ծովինար Նազարյանը եւ ավելացրեց, որ այս բոլոր հանգամնքները անտեսվել են: Անտեսվել է նաեւ, այն հանգամանքը, որ սպանության նախօրեին Արտակին սպառնացել է իր վաշտի հրամանատարը հեռախոսով հայհոյել է եւ ի պատասխան հայհոյանք ստանալուց հետո ասել է, թե գնալու է Արտակի հարցերդ լուծի: Այնինչ` հրամանատարին նույնիսկ չեն հարցաքննել:
Բողոքի ակցիայի մասնակիցները համոզված են, որ մարդասպանները դատարանում չեն, գործը բացահայտված չէ եւ միակ իրական լուծումը այն է, որ գործը վերադառնա նոր քննության սպանության հատկանիշներով: Ի դեպ, բողոքի ակցիային ներկա էին նաեւ մեղադրյալի աթոռին նստած մեղադրյալի հարազատները` Ադիբեկ Հովհաննիսյանի, Հարութիկ Կիրակոսյանի եւ Մխիթար Մխիթարյանի հարազատները: «Այդ փաստերը ընդհանրապես չհաստատվեցին դատարանում»,- ավելացրեց Ծովինար Նազարյանը:Մեղադրյալի աթոռին նստած երիտասարդների հարազատներն էլ ասացին, որ 2 տարի 4 ամիս է, ինչ երեխաները անմեղ տեղը նստած են եւ պահանջում են, որ իրական մեղավորներին նստեցնեն այդ աթոռին:
Ի դեպ, ակցիային միացել էին նաեւ ՀԱԿ ակտիվիստները, որոնք ավելի վաղ բողոքի ակցիա էին արել Վերաքննիչ քրեական դատարանի առջեւ:








Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











