Հանրապետական խմբակցության պատգամավոր, թիվ 33 ընտրատարածքից ընտրված Աշոտ Աղաբաբյանը («Բուռնաշ») կարծում է, որ մեծամասնական ընտրակարգն անպայման պետք է մնա, որպեսզի պատգամավորը գոնե ժողովրդի հետ շփումներ ունենա, անմիջական տեղեկություններ ունենա, թե ինչ վիճակում է ժողովուրդը: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, նա նշեց. «Ես համարում եմ, որ մեր պատմությունից ելնելով` ֆեոդալական հասարակարգը դա ֆորմացիա է եւ եթե այսօր ֆեոդալական համակարգը պետք է մեր ժողովրդին, մեր պետությանը առաջ կտանի, ապա ինչի չէ՞ որ: Եթե մենք բոլորս սահմանափակված ենք մեր սահմաններով, այնպիսի ելումուտ չունենք, ինչպիսին ունի ամբողջ աշխարհը, մեզ գցել են այդ վիճակում` ֆեոդալական վիճակում, ինձ թվում է` հին քաղաքական տերմին է, որը Քոչարյանն օգտագործել է»,- ասաց նա:
Աղաբաբյանը նշեց, որ եթե պետություն կա, ինչպես կարող է մի հոգին 15 հազար ձայն սեփականաշնորհել, «պատգամավորը ընտրվում է եւ ֆինանսական, եւ բարոյական հնարավորություններով, եւ անմիջական շփումով»:
Հարցին՝ «Դուք ձեզ ֆեոդալ զգո՞ւմ եք», նա պատասխանեց. «Ես ինձ զգում եմ որպես Աղաբաբյան Աշոտ, Աղաբաբյան ընտանիքի որդի, որն ունի երեխաներ եւ թոռներ, ես ուրիշ ձեւի ինձ չեմ կարող զգալ կամ ինչ-որ մեկի տեղը դնել կամ նմանվել»: Պատգամավորը շեշտեց, որ եթե ինքը երրորրդ անգամ ընտրվում է նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով. ապա դա պետք է մարդիկ գովեն, որ «այսքան տարի ժողովրդի կողքին է, ժողովրդի հետ աշխատում է, ապրում է»:
«Ես ո՞նց կարող եմ ֆեոդալ համարվել: Ֆեոդալ հասկացությունը դա ժամանակի ֆորմացիան է եղել, երբ մարդիկ մեծ սեփականատեր են եղել, ունեցել են հողեր, գյուղեր, աշխատատեղ են տվել: Աստված տա հիմա էլ նույնը լիներ»,- ասաց նա:
Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ նման հարցեր տալուց առաջ նախ պետք է ուսումնասիրել, թե ինքը կալվածքներ, փողեր ունի՞, թե՝ ոչ: «Պետությունը չկարողանալով պահել «Հրազդան» ստադիոնը, փորձել է տալ Աղաբաբյան Աշոտին, որ տոնավաճառի միջոցով պահի, որն այսօր մեծ պարտքերի տակ է: Ո՞վ է այստեղ ֆեոդալը. հիմա մտածեք` մեծամասնականով ո՞վ կարող է ֆեոդալ լինել: Ավելի շատ ֆեոդալ կա «Բարգավաճի՞ց», թե՞ Հանրապետականից, դուք ինձնից լավ պետք է իմանաք»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ որեւէ առնչություն չունի ԲՀԿ-ի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հարցով քաղաքական խորհրդակցություններ կազմակերպելու նախաձեռնության հետ:
«Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց Նախագահն էր»,-ասել է Քոչարյանը, միաժամանակ հավելելով, որ «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման»:











