ԵԿՄ ղեկավար, պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդուց` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, թիվ 20 ընտրատարածքից ընտրված Հրանտ Գրիգորյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ մեծամասնական ընտրակարգը վերացնելու մասին:
Ի՞նչ կարծիքի եք մեծամասանական ընտրակարգը վերացնելու մասին:
Ես գտնում եմ, որ ընդհակառակը պետք է մեծամասնականների թիվը ավելացվի:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում ասել է, թե Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին:
Չեմ կարծում:
Ինչո՞ւ չեք կարծում:
Որովհետեւ, այդպես չի:
Հիմա դուք ձեզ ֆեոդալ չե՞ք զգում:
Դուք ինձ ֆեոդալ զգո՞ւմ եք:
Դա մեր կարծիքը չէ, նախկին նախագահն է ասել:
Չգիտեմ, իրենցից հարցրեք` ում են զգում, ում չեն զգում: Չեմ կիսում այդ կարծիքը:
Երկրորդ նախագահի հետ համաձայն չե՞ք:
Տվյալ կարծիքի հետ համաձայն չեմ:
ԱԺ-ում ֆեոդալներ կա՞ն:
Չեմ կարող ասել: Ըստ ձեզ` կա՞ն:
Ես ձեզ եմ հարցնում:
Ես էլ ձեզ եմ հարցնում:
Իսկ ովքե՞ր են ֆեոդալները, կարո՞ղ եք ձեւակերպել:
Չեմ կարող ձեւակերպել:
Իսկ ո՞ւմ նկատի ուներ երկրորդ նախագահը:
Ինչ իմանամ` ում նկատի ուներ:
Իսկ ինչի՞ եք կարծում, որ պետք է մեծամասնականը ավելացվի:
Իմ փորձից ելնելով, 4 անգամ ընտրվել եմ պատգամավոր մեծամասնական ընտրակարգով ժողովրդի խնդիրներին ավելի մոտ լինելու եւ լուծելու համար:
Կարող եք ասել` ինչ խնդիրներ ունի ձեր ընտրատարածքի ժողովուրդը:
Այն, ինչ-որ բոլոր ընտրատարածքներում, ինչ-որ ամբողջ ազգը, ինչ տարբերություն:
Օրինակ` տեղյա՞կ եք, ձեր ընտրատարածքում քանի ընտրող է պակասել:
Չի պակասել:
Ավելացե՞լ է:
Չի էլ ավելացել:
Դուք ջղայնանո՞ւմ եք հիմա:
Չէ, չեմ ջղայնանում:
Նշենք, որ Հրանտ Գրիգորյանը պատգամավոր է դեռեւս 1999թ, այդ ժամանակ նա ընտրվել էր թիվ 37 ընտրատարածքից, 2003-2007թթ` թիվ 28 ընտրատարածքից, իսկ 2007թ եւ 2012թ` թիվ 20 ընտրատարածքից:











