Մեծամասնական ընտրակարգով գալիս են մարդիկ, որոնք անձնական խնդիրներ ունեն լուծելու, որոնք բիզնես ունեն, եւ մանդատը պետք է իրենց` կռիշ պահելու համար, իսկ համամասնական ընտրակարգով գալիս են ցուցակով մարդիկ, քաղաքական գործիչներ, որոնք պետք են ԱԺ-ում եւ գործ ունեն անելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Ռուստամ Գասպարյանը, ով, ի դեպ, նախկինում, պատգամավոր էր ընտրվել թիվ 21 ընտրատարածքից:

«Կռիշ ինձ պետք չէր, ինձ հիմա էլ պետք չի կռիշ, քանի որ ես չունեմ ոչինչ իմ հետեւում թողած, որ ուզենամ այս մանդատն օգտագործել` էդ եղածը ծածկելու համար։ Ես ունեմ պատմություն ապրած, ճանապարհ անցած»,- ասաց նա` նշելով, որ մեծամասանականով ընտրված պատգամավորների մեջ ֆեոդալներ կան, սակայն անուններ չնշեց:

Իսկ թե մեծամասնականով ընտրված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս «կռիշ պահելու խնդիր է լուծել», նա նշեց, որ «Գագիկ Ծառուկյանը անհատ չէ, կուսակցության լիդեր է»: «Ինքը անձնական խնդիր չունի, որ իր անձնականի համար մտնի: Ես ուղիղ կարող եմ ասել, թաքցնելու ոչինչ չունեմ, այսօր ինքը իր անձնական հնարավորություններից ավելի շատ է այս ժողովրդի համար անում, քան պետությունը` իր բյուջեից»,- ասաց նա: Հարցին, թե նա նման չէ ֆեոդալի, Ռուստամ Գասպարյանը հակադարձեց, որ Գագիկ Ծառուկյանը «ժողովրդական մարդ է, ժողովրդի հետ է, անում է  ժողովրդի համար»:

Ռուստամ Գասպարյանը նշեց, որ այս անգամ ինքը չառաջադրվեց մեծամասնական ընտրակարգով, քանի որ իր կողմից դրված պայմանը կատարել են. «Ես պայման ունեի դրած` «կամ... կամ...»։ Այդ պայմանը կատարեցին, դրա համար էլ ես մեծամասնականով չգնացի »,- ասաց պատգամավորը։  Ըստ շրջանառվող տեղեկությունների` նրա պայմանը այն էր, որ իր դարավոր թշնամի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը թիվ 21 ընտրատարածքում եւս չառաջադրի իր թեկնածությունը, հակառակորդ պատգամավորները անցնեն իրնեց կուսակցության համամասնական ցուցակներով, իսկ այդ ընտրատարածքում առաջադրվի Ալիկ Պետրոսյանը: