Սամվել Ալեքսանյանի ազգական լինելն օգնել է թիվ 8 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Կորյուն Նահապետյանին պատգամավոր ընտրվելու հարցում: Այս մասին, Ազգային ժողովում մի խումբ լրագրողների հետ զրույցում, ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
«Ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն ունեցել է, մնացած այլ դրական գործոնների հետ մեկտեղ դա այնքանով է օգտակար եղել, որ թե ես, թե Սամվել Ալեքսանյանը ձեռք ենք բերել որոշակի հեղինակություն եւ բնական է, որ ընտրողների որոշակի քանակ իրենց ձայները տալով կամ չտալով հաշվի են առել նաեւ այդ հանգամանքը: Իմ թեկնածության առաջադրման եւ ընտրություններում վաստակած հաջողության հիմնական գրավականը եղել է իմ անցած ճանապարհը եւ իմ կատարած աշխատանքն ԱԺ-ում»,- ասաց նա:
Թե ինչ կարող է ԱԺ-ում անել իր ազգական Սամվել Ալեքսանյանը, պատգամավորը խորհուրդ տվեց հարցնել նրան` հավելելով, որ «յուրաքանչյուրս գործում է մեր հնարավորության սահմաներում, ունենք մեր ուղղությունները եւ նպատակադրումները»: Նա վստահեցրեց, որ Հայաստանի ԱԺ-ի 131 պատգամավորից յուրաքանչյուրն էլ կարող է օրենքների նախագծերի մշակմանը մասնակցություն ունենալ:
Իսկ թե որտեղ էր իր ազգականն ԱԺ նիստերի ժամանակ, ինչու չի մասնակցում նիստերին կամ գալիս գրանցվում է եւ հեռանում, Կորյուն Նահապետյանը այսպես մեկնաբանեց. «Սամվել Ալեքսանյանը մասնակցում է նիստերին, այլ բան է, որ տվյալ պահին գուցե Դուք չեք նկատում նրան»:











