Ինձ համար նշանակություն չունի` Էրեբունու տարածքում եմ, Արաբկիր կամ Կենտրոն, որտեղից ուզենամ, այնտեղից էլ կընտրվեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհերը»)` անդրադառնալով մեծամասնական ընտրակարգը վերացնելու, 100 տոկոսանոց համամասանական ընտրակարգին անցնելու վերաբերյալ քննարկումներին:
«Ամեն մարդ իրեն ոնց ձեռք է տալիս, այդպես է ասում, օրինակ` մեծամասնականով ինձ համար հեշտ է ընտրվելը, ես խնդիր չունեմ, ավելի լավ, որ մեծամասնական լինի բոլորը: Իսկ մարդիկ, որոնք ոչ ճանաչում ունեն, ոչ հարգանք ունեն, իրենք հիմնականում կուզենան, որ համամասնականով լինի»,- ասաց Մհեր Սեդրակյանը:
Նա չի կարծում, որ մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին: «Ֆեոդալի խնդիրը չի, հարգանքի խնդիրն է, այն տարիների աշխատանքը, որ կատարվում է, ժողովրդի հետ հարաբերություն է դրվում, հարգանք ես վայելում, դա նշանակում է, որ ֆեոդա՞լ ես: Դու դրա վրա աշխատանք ես անում, նաեւ ծախսեր ես անում չէ՞, որ հարգանք ես ձեռք բերում, հազարավոր մարդիկ դիմում են տարբեր հարցերով` եւ հիվանդ, եւ հիվանդ երեխա, եւ դեղեր, թող իրենք էլ անեն, խի քիչ մարդ կա՞, որ հնարավորություն ունի, բայց չի անում, ունեն, չեն անում չէ՞»,- ասաց պատգամավորը: Մեհր Սեդրակյանը շեշտեց, որ «իրենք արել են, դրա համար էլ ձեռք են բերել այդ հարգանք, ամեն պատահական մարդ չի կարող այդ հարգանքը ձեռք բերել»:
Նշենք, որ Մհեր Սեդրակյանը պատգամավոր է ընտրվել 1995թ թիվ 15 ընտրատարածքից եւ 2012թ թիվ 13 ընտրատարածքից:











