Լինում է, երբ որոշակի նպատակով գործուղման մեկնելիս ծանոթանում ես այնպիսի պատմությունների, որոնք դժվար է ընթերցողին չհանձնելը: Այդպես էր նաեւ NEWS.am-ի թղթակիցների` Արագածոտնի մարզի Ագարակ գյուղ այցելության  ժամանակ:

1942թ. ծնված ագարակացի Ռուբեն Կարապետյանը պատմեց վանեցի իր պապի ու տատի պատմությունը: Ռուբենի հայրը` Կարապետը, ծնվել է Վանում 1914 թ-ին: Նա էլ հարազատներին պատմել է իր ընտանիքի պատմությունը, որն իմացել է մորից` Ռուբենի տատից:

Ողբերգական 1915 թ-ին Կարապետի ծնողներն ստիպված էին լքել հարազատ վայրերը` փախչելով  թուրքական սպանդից: Առաջին հերթին նրանք մտածում էին միջնեկ որդու եւ փոքրերի ` տասնամյա Գյուլիզարի եւ փոքրիկ Կարապետի մասին: Մեծ որդին` Համբարձումը, հեռու էր հայրական տնից` զորավար Անդրանիկի մոտ էր:

Ռուբենի պապը, վստահ լինելով, որ վերադառնալու են,  մեկնում է Վանա լճի կղզիներից մեկը` թաքցնելու համար ոսկյա զարդերը` կնոջ հետ նախապես պայմանավորվելով հանդիպել ճանապարհին:

Սակայն Ռուբենի տատը  որոշ ժամանակ ստիպված է լինում մնալ Վանում` խուսափելու համար մոտակայքում հայտնված առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող բաշիբոզուկների ձեռքում հայտնվելուց: Պապն էլ մտածելով, որ կինը երեխաների հետ արդեն ճանապարհին է, միջնեկ որդու հետ շարունակում է ճանապարհը դեպի արեւելք` վանեցիների խմբի հետ: Սակայն նրանց այդպես էլ չի հաջողվում անցնել Արաքսը...

Գետի ափին նրանք ռազմական վրաններ են նկատում, եւ կարծելով, թե ռուսական ջոկատներն են, մոտենում  են....ռուսների փոխարեն նրանց դիմավորում են  թուրքերը եւ ...փախստականների ողջ խմբից փրկվում է ընդամենը մեկ հոգի` հայտնվելով սպանվածների դիակների տակ: Հենց նա էլ հետագայում Կարապետին պատմում է այդ մասին...

Այդ ժամանակ Ռուբենի տատը  երեխաների հետ բռնում է գաղթի ճամփան: Ճանապարհը տանջալից էր,  եւ ուժասպառ լինեով, Գյուլիզարը խնդրում է մորը թողնել երախային ճանապարհին, չէ որ ոչ քիչ ընտանիքներ, չդիմանալով անտանելի դժվարություններին, թողնում էին թույլերին հենց ճանապարհին...

Անսալով աղջկա խնդրանքին` մայրը փոքրիկին թողնում է, եւ աղջկա հետ շարժվում առաջ: Բայց որոշ ճանապարհ կտրելուց հետո` մոր սիրտը չի դիմանում, եւ նրանք ետ վերադառնում` վերցնելու երեխային...

... Երեխաների հետ առաջ շարժվելով,  Ռուբենի տատը հայտնվում է  քրդերի մեջ եւ ստիպված է լինում որոշ ժամանակ ապրել նարնց հետ, օգնելով ընտանիքներին` հաց վաստակել երեխաների համար: Դա նաեւ հարկադրական միջոց էր, քանի որ քրդերը չէին ցանկանում վերադարձնել տասնամյա Գյուլիզարին: Ի վերջո, գիտակցելով, որ Գյուլիզարին այլեւս հնարավոր չէ վերադարձնել, Ռուբենի տատը փոքրիկ որդու հետ բռնում է Հայաստանի ճամփան...

Սակայն տարիներ անց հրաշք է տեղի ունենում: 1972 թ-ին կորսված Գյուլիզարին գտնում են ...Միջին Ասիայում: Թե ինչ ճանպարներով  էր հասել նա այնտեղ, արդեն առանձին  պատմություն է: Կարապետը մեկնում է այնտեղ եւ Ագարակ վերադառնում քրոջ հետ:

Ռուբենը ժպիտով է հիշում, թե ինչպես էր կորած դստերը վերագտած տատը գրկել նրան եւ շոշափում մեջքը: Գյուլիզարը ծիծաղելով ասել է, որ խալը տեղում է: Գյուլիզարն ի ծնե մեջքին մեծ խալ ուներ, եւ մայրը ցանկանում էր գտնել այն` համոզվելու համար, որ գրկել է դստերը:

Գյուլիզարը պատմել է, որ ինքն իր հետ հայերեն է խոսել` մայրենի լեզուն չմոռանալու համար:

...Մեր շատ հայրենակիցներ նույնպես կարող են նմանատիպ  պատմություններ պատմել, սակայն ավելի  հաճախ, ավաղ, ողբերգական ավարտով...

Գրի առավ Ալբերտ Խաչատրյանը