Ավստրալական Qantas Airways ավիաընկերության Քվինսլենդ-Պորտ Մոսբի չվերթը կյանքի եւ մահվան իսկական դրամայի է վերածվել: Անհայտ հանգամանքներում օդանավի թեւին է հայտնվել մի պիթոն, որը օդում երկու ժամ շարունակ պայքարել է իր կյանքի համար:

«Ուղեւորները պիթոնին նկատել են այն ժամանակ, երբ օդանավն արդեն օդում է եղել: Օձը օդանավի վրա է մնացել մինչեւ վայրէջքը, սակայն նրան կենդանի մնալ չի հաջողվել»,-AFP գործակալությանն ասել է ուղեւորափոխադրող ընկերության մամուլի քարտուղարը:

Չվերթի ուղեւոր Ռոբերտ Վեբերը նշել է, որ օդանավում ոչ մի խուճապ չի եղել, թեեւ միջադեպը բոլորին հիշեցրել է 2006-ին նկարահանված «Օձային թռիչք» ֆիլմը: Մարդիկ սկսել են նկարահանել պիթոնին:

Սկզբում օձը կիպ հպվել է մեխանիզմներից մեկին, բայց երբ 400 կմ/ժամ արագություն ունեցող քամին պոկել է նրա պոչը, պիթոնն այլեւս շանս չի ունեցել: Ընդ որում, մահացու է եղել նաեւ -25 աստիճան ջերմաստիճանը: Կյանքի եւ մահվան այս պայքարն անհույս էր: