Ճապոնիայում գրեթե 3,5 հազար մարդ այս գիշեր անցկացրել է Տոկիոյի միջազգային «Նարիտա» օդանավակայանի սպասասրահներում՝ տեղացող սաստիկ ձյան պատճառով:

Աշխատակազմն այդ անձանց ապահովել է ջրով եւ քնապարկերով: Հունվարի 15-ին եղանակը կարգավորվել է, բայց մայրաքաղաքի տրանսպորտային գծերում քաոսը շարունակվում է, գրում է NEWSru.com-ը:

Տոկիոյի «Հանեդա» խոշոր օդանավակայանում, որը հիմնականում ներքին չվերթներ է սպասարկում, նախկինի պես հետաձգված են ավելի քան 30 չվերթներ: Գրեթե ամբողջությամբ փակ է քաղաքի արագընթաց ավտոճանապարհը, որտեղ ձյան մաքրման աշխատանքներ են տարվում:

Միաժամանակ, Տոկիոյի հատվածում սկսել են բնականոն աշխատել ուղեւորատար նավերը, նաեւ՝ երկաթուղիների հիմնական գծերը: Հունվարի 14-ին լիակատար կաթվածահարության պատճառով մոտ 800 հազար մարդ չէր կարողացել ժամանակին նախատեսված վայր հասնել:

Երկուշաբթի օրը ճանապարհային պատահարների եւ փողոցներում ընկնելու հետեւանքով 360-ից ավելի մարդ վնասվածք է ստացել: