Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում արդեն երրորդ օրն է, որ չեն դադարում բողոքի զանգվածային ակցիաները: Քաղաքի կենտրոնական պողոտայում է գտնվում շուրջ 40 հազար մարդ, ովքեր փակել են երթեւեկությունը, ցուցապաստառներ են թափահարում եւ հակակառավարական կարգախոսներ բացականչում:

Պակիստանյան «Միլիոնների երթի» կազմակերպիչը հեղինակավոր իսլամական քարոզիչ եւ իսլամական «Թեհրիք-է-ուլ-Քորան» շարժման առաջնորդ Թահիր Քադրին է, ով հայտարարել է, որ չի հեռացնի իր կողմնակիցներին այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն ցրել դաշնային եւ տեղական խորհրդարանները եւ չեն հայտարարել բանակի եւ գերագույն դատարանի խիստ հսկողության ներքո համընդհանուր խորհրդարանական ընտրությունների մասին, հաղորդում է Vesti.ru-ն:

Ցուցարարներին ինքնավստահություն է հաղորդել Պակիստանի գերագույն դատարանի որոշումը՝ երկրի վարչապետ Ռաջու Փերվեզ Աշրաֆին կալանավորելու մասին, թեեւ երկրի իշխանությունները հրաժարվել են կատարել այդ որոշումը:

Նման որոշման համար հիմք է հանդիսացել վարչապետի դեմ ներկայացված կոռուպցիայի մեղադրանքները:

Իսլամաբադը ներկայումս հսկում են ոստիկանության եւ բանակային ուժեղացված ջոկատները: Մայրաքաղաքում առաջվա պես փակ են խանութները, բանկերն ու կրթական հաստատությունները: