Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր՝ հունվարի 24-ին շարունակել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ քարոզչական հանդիպումները: Այսօրվա քարոզարշավի նորույթը, բացի փողոցում քաղաքացիների հետ զրուցելուց եւ բարեմաղթանքներից, դարձել է Հովհաննիսյանի այցը Կենտրոնի մշակութային եւ ուսումնական հաստատություններ, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Նախագահի թեկնածուն այցելել է Երվանդ Քոչարի թանգարան, այնուհետեւ Մատենադարան, որտեղ պատահաբար հանդիպել է Ռուսաստանի մշակույթի եւ արվեստի գործիչների պատվիրակությանը: Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Հայաստանի ազգային գրադարան, որին նվիրաբերել է իր որդի Կարին Հովհաննիսյանի գրքի հայերեն, անգլերեն եւ թուրքերեն տարբերակները: Գիրքը կոչվում է «Գերդաստան ստվերաց»: Հովհաննիսյանն այդ գրքերը նվիրում է քարոզարշավի շրջանակում իր այցելած բոլոր բուհերին եւ գրադարաններին:
Ինչպես նախորդ օրերին, թեկնածուն կրկին կոչ է արել մասնակցել ընտրություններին՝ անկախ նրանից, թե ում օգտին են քվեարկելու: Մատենադարանի ճանապարհին Հովհաննիսյանը մոտեցել է այդ պահին սնվող մուրացիկ կնոջը եւ խնդրել իրեն հաց ու պանիր հյուրասիրել: Վերջինս հաճույքով կիսվել է: Իսկ ԵՊՀ-ի գրադարանի ռուսալեզու գրականության բաժնում Հովհաննիսյանին ոչ միայն ջերմ են ընդունել, այլեւ տորթ են հյուրասիրել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am











