Ի պաշտպանություն Կարեն Արայանի 5 հազարից ավելի ստորագրություն է հավաքվել, որը նրա հարազատներն, այսօր` հունվարի 29-ին, նախագահի նստավայրի առաջ կանգնած պատրաստվում են հանձնել նախագահի նստավայր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Արայանի մայրը`Մարինա Արայանը, հիշեցրեց, որ հունվարի 31-ին լսվելու է սույն գործով վերաքննիչ բողոքը եւ իրենք պահանջում են չեղյալ համարել Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար մեղավոր է Ճանաչվել Կարեն Արայանը եւ դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման:
«Միացյալ երիտասարդական լիգա» հասարակական նախաձեռնության համանախագահ Դանիել Պետրոսյանն էլ նշեց. «Ծանոթանալուց հետո համոզվել ենք, որ սույն գործը շինծու է եւ Կարեն Արայանի նկատմամբ անարդար դատավճիռ են իրականացրել: Հետեւաբար` մեր պահանջն այն է, որ հունվարի 31-ին կայանալիք վերաքննիչ դատարանում Կարեն Արայանն արդարացվի: Կարենին դատապարտել են ապացույցների բացակայության պայմաններում»:
Ի դեպ, ստորագարահավաքն անցկացվել է նաեւ Facebook սոցիալական ցանցի միջոցով: Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր Անժելա Սարգսյանի նախկին ընկեր` Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում:
Լուսանկարներն ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: Նոյեմբերի 20-ին, Կարեն Արայանը դատապարտվեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ նշանակվեց տուգանք աշխատավարձի 300-ապատիկի չափով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











