«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, «խախտելով» ավանդույթը, ավստրալահայ Արամ Միքայելյանի ֆինանսավորմամբ գնված վառելափայտ տրամադրելու նպատակով այցելել են ոչ թե որեւէ անօթեւան ընտանիքի վագոն-տնակ, այլ Գյումրիի կենտրոնական հատվածներից մեկում, Ալեք Մանուկյան փողոցում գտնվող արտադպրոցական կենտրոն` նախկին պիոներպալատ:

Տասնյակ մասնագիտական խմբակներում ընդգրկված հարյուրավոր աշակերտներ ունեցող այս կրթօջախը երկրաշարժից հետո առ այսօր շարունակում է գործել տնակային պայմաններում: Բարեբախտաբար եւ հատկապես պալատի ուսուցչական կազմի ջանքերի շնորհիվ` նույնիսկ ձմռան ամիսներին կրթօջախում երեխաների հոսքն ու պարամունքները չեն դադարում, այն դեպքում երբ վաղուց շարքից դուրս եկած տնակները տաքացվում են ընդամենը փայտի վառարաններով:

Այցելության պահին հաստատության տնօրեն Թամարա Հայրապետյանը տեղեկացրել է, որ մնացել էր ընդամենը մեկ օրվա վառելափայտ:

Առավել մանրամասն` «պիոներպալատի» առօրյայի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: