Սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Ռուստամ Թ․-ի վարած «Jeep» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդները և նրանցից մեկի ուղևոր՝ 42-ամյա Հրանտ Դ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վարորդներից Վարդան Մ.-ն ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայ կամավորականների համախմբում» շարժման անդամ է, եղել է նաև ՀԱԿ անդամ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Opel Zafira»-ի գազի արտահոսքը և պարեկների հետ ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վթարի հետևանքով նշված ճանապարհին առաջացել էր մոտ 5 կմ-անոց խցանում։