Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դուստրը` Նարե Հայրիկյանն այժմ գտնվում է հիվանդանոցում եւ միջադեպի հետ կապված մի քանի մանրամասներ է պատմել:
Լրագրողների հետ զրույցում Նարե Հայրիկյանը պատմել է, թե երեկ երեկոյան նստած են եղել տանը, երբ ձայներ են լսել, անմիջապես վազել են պատուհանի մոտ ու տեսել, որ Հայրիկյանը բարձրանում է վերեւ, շքամուտքի մոտ էր: «Ձեռքի պայուսակը վեր թռավ, անմիջապես վազեցինք ներքեւ, երկրորդ կրակոցից անմիջապես ընկել էր, ամբողջն արյունոտված, հարեւանները զանգահարեցին շտապօգնություն, ոստիկանություն, անգիտակից էր»,- պատմեց նա:
Դուստրը վիրահատությունից առաջ զրուցել է հոր հետ. նա այդ պահին իրեն լավ էր զգում:
Նարե Հայրիկյանը նաեւ պատմեց, որ հարեւաններից մեկը նկատել է, որ սեւ շորով, սեւ գլխարկով մեկը հետեւել է նախագահի թեկնածուին մինչեւ նկարահանման գնալը: Աղջիկը նաեւ նշեց, որ որեւէ տարօրինակ բան նախօրեին չեն նկատել, սովորական աշխատանքային առօրյա էր:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց: Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











