Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տեղափոխված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, փաստորեն, հրաշքով է փրկվել: Այս մասին, այսօր` փետրվարի 1-ին, լրագրողներին ասաց Հայրիկյանին այցելած ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հավելելով, որ կատարվածի գնահատականը շատ խիստ է:
«Դատապարատում եմ, վստահ եմ, որ մեր ուժային կառույցներն ամեն ինչ կանեն բացահայտելու եւ խիստ պատժի ենթարկելու, որովհետեւ դա ստոր եւ դավադիր հարված է ընտրական այս ժամանակահատվածում եւ, ըստ էության, կատարված էր Հայաստանի իշխանությունների դեմ»,- ասաց նա: Արթուր Բաղդասարյանը եզրակացություններ անելուց եւ գնահատականներ տալուց առաջ խորհուրդ է տալիս սպասել իրավապահ մարմիններին, առավել եւս՝ Հանրապետության նախագահի կողմից տրված է խիստ հանձնարարական արագ բացահայտելու կատարվածը:
«Հանցագործության բացահայտումը կտա բազմաթիվ հարցերի պատասխանները, թե ում էր դա ձեռնտու, ինչու էր ձեռնտու, ինչու էր դա արված, եւ ում ձեռնտու չէ, որ մեր երկիրը խաղաղ ընթացք ստանա: Առավել եւս՝ նախագահական քարոզարշավի կեսին ենք եւ դուք տեսնում եք, որ ընթանում է սահուն քարոզարշավ, թեկնածուները կարողանում են ներկայացնել իրենց մոտեցումները, դիրքորոշումները եւ հանկարծ ինչ-որ մարդկանց դա ձեռք չի տալիս, իսկ թե ում, այդ հարցի պատասխանը կտա հանցագործության բացահայտումը»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց: Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա վիրահատությունը ավարտվել է, նախնական տեղեկություններով` ամեն ինչ բարեհաջող է անցել:
Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











