Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տեղափոխված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին քիչ առաջ այցելել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Էլինար Վարդանյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն ինչ կատարվել է, զարհուրելի եւ դատապարտելի է, երկրորդ կարծիք չի կարող լինել: «Հայաստանի մասին թեկուզ մի քիչ մտածող մարդը նման բան չէր կարող անել: Սա, իսկապես, վարկաբեկում է Հայաստանի հեղինակությունը, որեւէ մեկին, ես կարծում եմ, որ սա պետք չէր»,- ասաց նա` խորհուրդ տալով սպասել իրավապահ մարմինների աշխատանքներին: Վարդան Օսկանյանը Պարույր Հայրիկյանին մաղթեց շուտափույթ ապաքինում, վերադարձ քարոզարշավին եւ հաջողություն: Վարկածների մասին նա չցանկացավ խոսել:
Հիվանդանոց էր այցելել նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց հետեւյալը. «Այս պահին կարող եմ միայն ասել, որ սա հանցագործությւոն է, որը դատապարտում ենք եւ պահանջում, որ իշխանությունները շատ կարճ ժամկետում բացահայտեն բոլոր մեղավորներին եւ պատժեն, ուրիշ ասելիք այս պահին չունենք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:











