Մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որդին, տեղեկանալով կատարվածի մասին, արտասհմանից այս գիշեր եկել է Հայաստան՝ հորը տեսնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանի կնոջ քույրը` Կարինե Ստեփանյանը, ով գտնվում էր Հայրիկյանների բնակարանում: Հայրիկյանի կինը հիվանդանոցում էր գիշերել:

«Տղան վաղուց էր Հայաստանում: Եկել էր, որ ընտրարշավին օգտակար լինի: Մի քանի օրով գնաց իր մայրիկի մոտ: Դեպքի օրը գնաց եւ արդեն այնտեղ տեղեկանալով կատարվածի մասին, վերադարձել է եւ արդեն հոր մոտ է»,- ավելացրեց Կարինե Ստեփանյանը:

Խոսելով մահափորձի մասին նա նշեց, որ ինքն այդ օրը գիշերն է տեղեկացել կատարվածի մասին: «Գիշերը ինձ քրոջս աղջիկը զանգահարեց եւ ասաց, որ այսպիսի բան է տեղի ունեցել եւ ես անմիջապես շտապեցի նրանց մոտ: Դե մանրամասներին արդեն ծանոթ եք: Հայրիկյանն իր դիմադրության միջոցով է կարողացել փրկվել սպանվելուց: Հայրիկյանի խոսքով՝ թիրախը եղել է իր գլուխը: Հարեւանների օգնությունը եթե չլիներ, նրանց սեւ գործը կարող էր իրենց նպատակին ծառայել»,- պատմեց Պարույր Հյարիկյանի կնոջ քույրը եւ ավելացրեց, որ մահափորձը ոչ թե անձնական, այլ քաղաքական ենթատեքստ ունի:

Նրա փոխանցմամբ՝ վիրահատությունից հետո Հայրիկյանի առողջական վիճակը դեպի լավն է գնում, ինքն էլ շատ լավատես է ու հույս ունի, որ շատ արագ կկազդուրվի ու կշարունակի ընտրարշավը:

Հարցին, թե իր կարծիքով սա այն մահափորձերից էր, որ առանց բացահայտման կանցնի պատմության գի՞րկը, թե՞ կբացահայտվի, Կարինե Ստեփանյանը պատասխանեց. «Առայժմ ինչ-որ կատարվում է, կարծես, թե նորմալ է: Հետագա ընթացքը ցույց կտա: Կասկածյալների շրջանակների, այլ մանրամասների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դեռ հայտնի չէ»:

Խոսելով այն հարեւանի մասին, ում Պարույր Հայրիկյանն ակնարկել էր, որ իր վարքով առանձնանում է, նա ասաց. «Դա ուրիշ պատմություն է, եթե հարկ համարի ինքը կասի: Այդ հարեւանն այդ շենքում չի ապրում եւ իր բնակարանը վարձով է տվել: Տվյալ պատմությունն էլ կենցաղային խնդիր է: Իսկ հարեւանները Հայրիկյանին շատ են սիրում ու հարգում: Եթե ինքը չի ասել, ես էլ չեմ ասի, բայց զուտ կենցաղային խնդիր  այս մահափորձի հետ կապ չունի»,- ավելացրեց Կարինե Ստեփանյանը: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ ոստիկանները շուրջօրյա վերահսկում են տան տարածքը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am