Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկված եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը։
Նա նշեց, որ հիվանդի առողջական վիճակը համապատասխանում է վիրահատության երկրորդ օրվան: «Այն աստիճանի կայուն է, որ ակտիվ շարժվում է, քայլում է, ջերմություն չունի, ասում է, խոսում է։ Քիչ առաջ վիրակապը փոխեցին, նորմալ է, հանգիստ է, արտադրություն չկա»,- ասաց նա։
Բժիշկը շեշտեց, որ եթե նախկինում ասում էին՝ վիճակը միջին ծանրության է, ապա այժմ կայուն է, բավարար։ Սննդակարգի մեջ որեւէ փոփոխություն չկա, ինչ ցանկանում է, կարող է ուտել, քանի որ աղեստամոքսային որեւէ խանգարում չունի։
Գագիկ Մանուկյանը նշեց, որ Պարույր Հայրիկյանը դեռ կմնա Վերակենդանացման բաժանմունքում, բայց ինքը ոչ թե վերակենդանացման հիվանդ է, այլ որպես սովորական հիվանդ կմնա։ Հարցին, թե երբ դուրս կգրվի նախագահի թկենածուն, նա պատասխանեց, կարերը պետք է քանդվեն 6-7-րդ օրը։ «Մինչեւ երկուշաբթի հաստատ այստեղ կլինի, հետո կտեսնենք»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











