Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երեկ վիրահատված Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այս պահին հանգստանում է եւ չի ցանկանում որեւէ մեկին տեսնել: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լեւոն Օռլովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պարույր Հայրիկյանը իրեն լավ է զգում, առողջական վիճակը չի վատթարացել, պարզապես այժմ չի ցանկանում որեւէ մեկին տեսնել, ուզում է հանգստանալ: «Հարազատների հետ է, հանգստանում է»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ Հայրիկյանը ինքն է որոշում՝ ում է ցանկանում տեսնել եւ երբ: Լեւոն Օռլովը նշեց նաեւ, որ Հայրիկյանը վաղը կամ մյուս օրը կտեղափոխվի հիվանդասենյակ:
Քիչ առաջ նրան էր այցելել Հայ-կազական միավորման նախագահ Կարեն Զադոյանը, ում, սակայն Հայրիկյանը չընդունեց: Հիվանդանոց էր եկել նաեւ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով եւս Հայրիկյանին տեսակցելու հնարավորություն չունեցավ: Նա նշեց, որ իր համար էական էլ չէ՝ կմտնի ներս, թե ոչ, եկել է իր զորակցությունը հայտնելու: Հիվանդանոց այցելած նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքայնը եւս չկարողացավ նրան տեսնել:
Նշենք, որ առավոտյան Պարույր Հայրիկյանը իր ոտքով դուրս է եկել Վերակենդանացման բաժանմունքից, զրուցել հավաքվածենրի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցեում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











