Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկված, այնուհետեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատված Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին քիչ առաջ հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանի ուղեկցությամբ այցելել է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Լրագրողները այցելուներին փոխանցեցին, որ Պարույր Հայրիկյանը չի ցանկանում որեւէ մեկին տեսնել։ Արա Մինասյանն ասաց, որ նախարարը որպես բժիշկ է մտնում: Իսկ թե ինչու չէր ցանկանում նախագահի թեկնածուն ընդունել որեւէ մեկին, նրանք խոստացան իմանալ եւ հայտնել: «Կարող է հոգնած է, ուզում է հանգստանալ, բայց առողջականը լավ է»,- ասաց Արա Մինասյանը:
Պարույր Հայրիկյանին տեսակցելուց հետո Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ նորմալ է, Հայրիկյանը չի ասել, թե չի ցանկանում որեւէ մեկին տեսնել, այժմ բուժման կուրս է ստանում, մեկ ժամից կհանդիպի լրագրողների հետ եւ կպատասխանի նրանց հարցերին:
«Առողջականը լավ է, ճաշում է, հույս ունենք, որ մոտ օրերս նաեւ դուրս կգրվի, անհանգստանալու բան չկա»,- ասաց Դերենիկ Դումանյանը:
Նշենք, որ առավոտյան Պարույր Հայրիկյանն իր ոտքով դուրս է եկել Վերակենդանացման բաժանմունքից, զրուցել հավաքվածների հետ: Դրանից հետո նրան այցելողները տեսակցության հնարավորություն չեն ունեցել, քանի որ նախագահի թեկնածուն ասել էր, թե այժմ հանգստանում է եւ չի ցանկանում որեւէ մեկին տեսնել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցեում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











