Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին գնալու է քվեարկության եւ անվավեր է դարձնելու իր քվեաթերթիկը: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Այս ընտրությունները ֆարս են եւ պետք է հանրությանը ցույց տալ, որ մենք այս ընտրություններին վերաբերում ենք որպես ֆարսի: Սա կեղծված, նախօրոք կանխորոշված, բեմադրված ֆարս է»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Հարցին, թե ինչո՞ւ չեք քվեարկելու ձեր գործընկեր, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի օգտին, նա պատասխանեց, որ նախեւառաջ գոյություն ունի ՀԱԿ-ի որոշումը այդ կապակցությամբ: «Որոշումը կայացրել են կուսակցությունները, այդ նիստին հրավիրված էր պարոն Բագրատյանը, ինքը նպատակահարմար չհամարեց ներկայանալ: Քննարկվեց Կոնգրեսի մասնակցության ձեւաչափը, ընդունվել է կոնկրետ որոշում, որը հստակ հիմնավորվել է: Նորից եմ ասում, այդ որոշումն ընդունվել է մասնակից կուսակցությունների կոնսենսուսով, այսինքն` բոլոր կուսակցությունները այդ որոշմանը կողմնակից են»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Իսկ թե ինչպե՞ս է նա վերաբերում Հրանտ Բագրատյանի առաջադրմանը, նա նշեց, որ դա իր սահմանադրական իրավունքն է: «Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ: Կոնգրեսի աշխատանքներին մասնակից կուսակցությունները կարծել են, որ ճիշտ մոտեցումը սա է. ինքն այլ մոտեցում ունի»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել եւ նշել, որ որեւէ թեկնածու չի առաջադրում նախագահական ընտրություններին եւ որեւէ մեկին չի սատարում: ՀԱԿ անդամ «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հայտարարել էր, թե ժամանակավորապես սառեցնում է իր հարաբերությունները ՀԱԿ-ի հետ եւ առաջադրել է իր թեկնածությունը:











