Չիլիի ռազմածովայինների «մարտականչը», որը զորավարժություններից մեկի ժամանակ նկարահանվել է, կարող է հարեւան երկրների` Բոլիվիայի, Պերուի եւ Արգենտինայի  հետ դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ:

Տեսանյութի մեջ երեւում է` ինչպես են ծովայինները հրահանգիչի հետեւից կրկնում նրա բառերը: «Կոչը» պարունակում է Արգենտինայի, Բոլիվիայի եւ Պերուի քաղաքացիների հետ հաշիվներն այս կամ այն միջոցներով մաքրելու խոստումներ:

Չիլիի կառավարությունն արդեն այդ դեպքը խայտառակ փաստ է անվանել եւ սկսել է հետաքննել զինծառայողների կողմից նման տեքստերի օգտագործման հնարավորության հանգամանքները:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը կատարվածի առնչությամբ բողոք է հայտնել: Բոլիվիական կողմը համարում է, որ նման այլատյաց տեքստերը հատուկ  օգտագործվում են Չիլիի զինվորների մեջ տվյալ երկրների քաղաքացիների հանդեպ ատելություն բորբոքելու նպատակով: