Ամերիկյան Արիզոնա նահանգի բնակիչ ամուսնական զույգը Հավայան կղզիներում հանգստանալիս նկարահանել է, թե ինչպես է օվկիանոսում իրենց փոքրիկ մակույկը բախվում սապատավոր կետին:
Զբոսաշրջիկները օվկիանոսում թիավարելու են մեկնել ուղեկցողի հետ: Ափից ընդամենը մի քանի մետր այն կողմ օվկիանոսի հանդարտ մակերեւույթը հանկարծ ալեկոծվել է ծովային վիթխարի կաթնասունի հայտնվելով: Սապատավոր կետը ջրից ցատկել է՝ ամբողջ թափով հարվածելով մակույկին:
«Մենք հանգիստ հիանում էինք օվկիանոսով, երբ չգիտես որտեղից նա հայտնվեց: Բախտներս բերեց՝ երիտասարդ էր: Հասուն կետը մեր նավակը հաստատ կխորտակեր», - տպավորություններն է պատմել Լորեն Լաբիհանը, գրում է LifeNews-ը:
Ականատեսների խոսքով՝ կետը եւ մակույկը բախման հետեւանքով չեն վնասվել:











