Միասնական թեկնածուն որպես քաղաքական քայլ պետք է կայանար մինչեւ փետրվարի 8-ը եւ կայանար այն դեպքում, երբ մյուս թկենածուները հանեին իրենց թեկնածությունը եւ մատնանշեին, որ դա անում են հօգուտ մյուս թեկնածուի եւ ներկայացնեին մի ընդհանուր, հանրության համար հստակ ծրագիր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող նախագահի թկենածու Անդրիաս Ղուկասյանը: «Այդպիսի դրություն չեղավ, եւ հիմա դրա մասին խոսելն ուշ է, քվեաթերթիկից պարզ է, որ միասնական թեկնածու չկա»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե նրանք կարող են բանավոր համաձայնության գալ եւ կոչ անել քվեարկել մեկի օգտին, նախագահի թեկնածուն արձագանքեց, որ պրակտիկայում դա հնարավոր չի համարում: «Հնարավոր է պայմանավորվեն, բայց կոչ անել միավորվել մեկի շուրջը` մնալով քվեաթերթիկի մեջ, դա անհնար է, նման բան չի կարող տեղի ունենալ, չի լինում: Գնացքը գնաց, դա պետք էր ավելի շուտ լիներ: Սա ուշացած առաջարկ է, այս մի շաբաթվա մեջ այդ երեք թեկնածուներն իրադրության վրա ազդելու որեւէ քաղաքական լծակ չունեն: Ի սկզբանե չունիեն եւ հիմա էլ առհասարակ չունեն, իրենք լիովին կախված են իշխող կուսակցության դիրքորոշումից, ինչքան իշխող կուսակցությունը ում կորոշի հատկացնել այդքան տոկոս կունենան»,- ասաց նա: Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ սա է իրավիճակը եւ նրանք պետք է դա դեմ առ դեմ ընդունեն այն:
Նախագահի թեկնածուն ցավում է, որ այսպես զարգացավ հանգամանքները, որովհետեւ միասին թեկնածությունները հանելը հնարավորություն կտար ռեալ պայքար ծավալել իշխող կուսակցության եւ Սերժ Սարգսյանի դեմ: «Սակայն, մենք տեսանք, որ ինչպես անցյալում, ընդդիմադիր գործիչները իրենց քայլով սպասարկում են ռեժիմի վերարտադրմանը»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյան-Պարույր Հայրիկյան հրապարակային բանավեճերին, վիրավորանքներին, ապա, դա, Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, վկայում է, որ «միասնական թեկնածուի շուրջ բանակցություններն ի սկզբանե դատապարտված էին անհաջողության, որովհետեւ թվարկված մարդկանցից յուրաքանչյուրն, ըստ երեւույթին, իր ինքնուրույն քաղաքական ծրագիրն է իրականացնում»:
«Ակնհայտ էր Հայրիկյանի տրամաբանությունը, որ մեկ թեկնածու ավելի շատ ձայներ կարող է հավաքել, քան երեքը` առանձին-առանձին, արձագանքը վկայում էր, որ դա էլ հետաքրքիր չէ թեկնածուներին»,- նշեց նա:
Անդրիաս Ղուկասյանը հիշեցրեց, որ դեռեւս հունվարի 12-ին կոչ էր արել թեկնածուներին հանել իրենց թեկնածությունը, բայց այդ ժամանակ ոչ ոք չէր արձագանքել. «Այսինքն` այդ քաղաքական գործիչների համար ինքնանպատակ է մասնակցել շինծու ընտրություններին` քաջ իմանալով, որ այդ ընտրության արդյունքը կանխորոշված է, տեսնելով, որ անկեղծ եւ ազնիվ ձեւով իշխող կուսակցության թեկնածուն իրենց ասել է, որ ինչքան տոկոս ուզենա, այդքան էլ կհավաքի` 60, 80, 100 տոկոս կխփվի»,- ասաց նա` հավելելով, որ դրանից ելնելով դրանից` քարոզչությունը էական քաղաքական ազդեցություն չունեցող գործողություն է:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյան-Հրանտ Բագրատյան բանավեճն սկսվել է մահափորձի ենթարկված ԱԻՄ առաջնորդի` ՍԴ դիմել, չդիմելու հետ կապված, երբ նա սկզբից հայտարարել էր, թե չի դիմում եւ մյուս թեկնածուները կարող են դիմել: Բանավեճը նոր թափ առավ Հայրիկյանի` միասնական թեկնածու հանդես գալու հրապարակային կոչից հետո: Դրանից եհտո հրավիրված ասուլիսներում թեկնածուները միմյանց հասցեին մեղադրանքներ եւ վիրավոչանքներ հնչեցրին: Անդրադառնալով միասնական թեկնածուի ստեղծմանը` Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե դրա համար նախ պետք է յուրաքանչյուրը հայտարարի, որ ընդդիմադիր է, հրաժարվում է ցանկացած պաշտոնից եւ չի շնորհավորելու իշխանության թեկնածուին: Նա նաեւ նշել էր, որ իրենք պայմանավորվածություն ունեին հանդիպումների մասին ոչինչ չհայտնել, քանի դեռ վերջնական արդյունքի չեն հասել, եւ «ինչ կարիք կար հավաքել լրագրողներին եւ հայտարարել»: «Սա միասնական թեկնածուի թեզի տակ եղած ընդդիմադիր դաշտը զրոյացնելու փորձ է, այստեղ տեսնում եմ նաեւ իշխանության խաղը»,- ասել էր նա: Այս հայտարարութուններին պատասխանել էր Պարույր Հայրիկյան` նշելով, որ տխրել է նոր Հրանտ Բագրատյանին բացահայտելով: «Դու ով ես, որ ես քո հետ գաղտնի խոսակցություն ունենամ: Իրեն գիտնական համարող մարդը ստանում է գրություն, չի խոսում բովանդակության մասին, այլ ասում է, թե. «Ինչի՞ է հրապարակային ասել»: Դու գո՞ղ ես, թե՞ ավազակ, էդ ի՞նչ բոլշեւիկյան, ՀՀՇ-ական մոտեցում է: Գիտնականը պետք է նյութին ըստ էության անդրադառնա, դա քաղաքական գործչի կեցվածք չէ»,- ասել էր նա:











