Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա կողմնակիցների երթը դեպի Մյասնիկյանի արձան (ֆոտոռեպորտաժ): Ազատության հրապարակում կայացած ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը` իր կնոջ, որդու, «Ժառանգություն» կուսակցության մի շարք ներկայացուցիչների` Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի եւ համակիրների հետ ծաղիկներով, լուռ եւ խաղաղ երթ արեց դեպի Մյասիկյանի արձան:

Ոստիկանությունը հսկում էր երթի ընթացքը եւ ապահովում մասնակիցների անվտանգությունը: Հասնելով Մյասնիկյանի արձանին`Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա համակիրները ծաղիկներ դրեցին` հարգելով 2008թ մարտի 1-ի ողբերգության ժամանակ զոհված 10 քաղաքացիների հիշատակը:

Ի դեպ, այսօր ժամը 16.30-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում մարտի 1-ի 10 նահատակների հիշատակին մատուցվելիք պատարագին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am