«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ մեկնաբանություն չունի Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Որեւէ մեկնաբանություն այդ հանդիպման վերաբերյալ մենք չենք տալիս, չենք մեկնաբանում, այդ թվում` «Ժառանգության» մեր գործընկերների հայտարարությունը»,- նշեց նա:

Իսկ թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը, ապա առաջին հանդիպմանը մասնակցած ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հաջորդ նադիպման ժամկետների վերաբերյալ որեւէ հստակ պայմանավորվածություն չկա: «Հանդիպումը չենք բացառում` նայած ինչ մակարդակով: Չեմ կարծում, թե առաջիկայում Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպում կլինի, բայց խմբակցությունների կամ լիազորված անձանց  մակարդակով որեւէ հանդիպում չեմ բացառում»,- նշեց նա` որեւէ մեկնաբանություն չանելով ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հաղորդագրությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ: «Բարգավաճ Հայաստան»-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հանդիպման սկզբում փակ դռների ետեւում տեղի է ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք  բերվել հանդիպումը շարունակել արդեն  ընդլայնված կազմով:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հաղորդագրությունում նշված է, որ «Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը, համաձայն որի «Բարգավաճ Հայաստանը» եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ»: