Պատահական չէ, որ ժողովրդի մոտ Վազգեն Սարգսյանը մնաց որպես Հայոց սպարապետ: Այս մասին, այսօր` մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` Վազգեն Սարգսյանը մեծ ներդրում ունի պետականաշինության, բանակաշինության գործում, հետեւաբար բոլորը գալիս են շնորհավորելու նրա ծննդյան օրը (ֆոտոռեպորտաժ):

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն էլ իր խոսքում ասաց, որ Վազգենի կոչով իրար գլխի համախմբվեցին ԵԿՄ-ի տղաները եւ որպես ապագա բանակի հենասյուներ գնացին դեպի հաղթանակներ: Նրա խոսքով` Վազգեն Սարգսյանի մեծությունը զգացվեց ոչ միայն պատերազմի տարիներին, այլեւ պատերազմից հետո` Հանրապետության կայացման եւ հզորացման գործընթացում: «Աշխարհի հետ հարաբերությունները կարգավորվելու ժամանակ միայն նրա ներկայությունը բավարար էր, որ մեր պետության հետ հարաբերվելիս բոլորը զգաստանան: Ես հպարտ եմ, որ եղել եմ Սպարապետի զինակիցը, ընկերն ու բարեկամը: Նրա հետ մարտնչել եմ մեր պապական հողերի ազատագրման համար»,- նշեց Մանվել Գրիգորյանը, հավելելով, որ Սպարապետ ծննդյան օրը դարձել է պատանի Երկրապահի երդման օր:

«Սիրելի պատանիներ շնորհավորում եմ բոլորիդ երդման կապակցությամբ: Այս երդումը կդառնա ձեր կյանքի ուղեցույցը եւ դուք եք կերտելու Սպարապետի երազած գալիքը»,- ասաց նա:

Պաշպտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսում նշեց, որ մենք գործ ունենք մի անձնավորության հետ, ով հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ մեծագույն դերակատարում է  ունեցել` պետական եւ ռազմական մեծ գործիչ: «Անձնավորություն, որը կարողացավ համախմբել մեր ժողովրդին, ազատամարտիկներին, ԵԿՄ-ին: Ստեղծեց տրամադրություն եւ իր հետեւից տարավ դեպի պայքար եւ այդ պայքարում կարողացանք հասնել հաղթանակի: Փառք Աստծո, որ Սպարապետի գործը կիսատ չի մնացել : Մենք ունենք ազատ անկախ Հայաստան: Ունենք  Հանրապետություն, որն իր զարգացման գործընթացում մի նոր քար է ավելացնում եւ մեր ժողովրդին տանում է դեպի առաջընթաց»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա շնորհավորեց նաեւ պատանի ԵԿՄ-ականների եւ նշեց, որ մեր երիտասարդները, մանուկները պետք է նմանվեն իրենց մեծերին: «Նմանվեն ինձ,  իմ սերնդակիցներին, նմանվեն Սպարապետ Վազգեն Սարգսյանին»:

Եռաբլուրում էին նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաատուրովը եւ այլք:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am