Երեւանի Ազատության հրապարակում շարունակվում է նախագահի նախկին թեկնածու,«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը (ֆոտոռեպորտաժ): Երեկ երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հացադուլի են նստել եւս չորս անձ, իսկ 25 հոգի նստացույց է սկսել:

Այսօր առավոտյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը, գնահատելով իր կողմնակիցների հացադուլի նստելու փաստը, նշեց, որ վատ են արել, որ նստել են եւ հորդորով դիմելու է նրանց` դուրս գալու հացադուլից: Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը լսել էին նրա կողմնակիսներից 3-ը, իսկ հացադուլավորներից մեկը` քաղաքացիական ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե չի կասկածում Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորելու ունակություններին, սակայն մտադիր չէ դուրս գալ հացադուլից, քանի որ չի ուզում լինել կողքից ծափահարող, այլ ուզում է անմիջականորեն մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնազոհողության քայլին:

Նախագահի նախկին թեկնածուն լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հացադուլը տարբերվում է իր նախորդ հացադուլից, քանի որ նա հացադուլ էր կուսակցապետության դեմ, իսկ սա հացադուլ է ընդդեմ ընդհանուր վախի, որ իրենք անպայման հաջողելու են:

Նշենք, որ հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածուին անընդհատ մարդիկ են այցելում, կողմնակիցիներ են գալիս քաջալերելու, բանաստեղծություններ են արտասանում նրա համար:

Հիշեցնենք, որ երեկվանից  նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: «Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել հայրենիքի, ժողովրդի համար, իր թոռնիկների, իմ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում եւ հաց չեմ ուտելու»,- նշել է նա:

Հովհաննիսյանի կողմնակիցների հաջորդ հանրահավաքը կայանալու է մարտի 15-ին, ժամը 17-ին: «Այդ օրը քննարկելու ենք ապագա անելիքները, ՍԴ կայացրած վճիռը եւ միասին կանցնենք գործողությունների, որոշումների, եւ հաղթանակն ամրագրելու գործին»,- ասել է Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am