«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններին եւ արձանագրված միջադեպին: Այսօր՝ մարտի 12-ին,  Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ դեռ Վարդենիսում իրենք հասկացել են, որ մարդկանց թույլ չեն տալիս գալ հրապարակ, լսել իրենց, նույնը կրկնվել է նաեւ Մարտունիում, դրանից բացի՝ տեղական իշխանությունները հրապարակ էին բերել հատուկ մարդկանց, որոնք պետք է սրեին իրավիճակը:

Նա նշեց, որ իր ծննդավայր Գավառում ընդհանրապես ոչ ոք չէր եկել հանդիպման, տասը հոգուց էլ քիչ մարդ էր հավաքվել, «ճանապարհներն էին փակվել, ամբողջ օրը քարոզչություն են տարել, որ բոլորդ պատասխանատվության կենթարկվեք, եթե մասնակցեք այդ հանրահավաքին»:

Նա նշեց, որ տեսնելով, որ ժողովուրդը վախեցած իրենց է նայում, ասել է, թե «բոլոր նրանք, ովքեր կեղծել են ընտրությունները, ովքեր ահաբեկում են ժողովրդին, ովքեր եկել կանգնել էին այստեղ եւ թույլ չեն տալիս, որ ժողովուրդը գա մասնակցի  հանրահավաքի, նրանք մեր ներսի թուրքերն են»: Դրանից, նրա խոսքով, քաղաքապետը շատ ոգեւորվեց, հայտարարեց, թե թուրք եմ անվանել:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ գրանցված միջադեպի ժամանակ ապտակ չի եղել: Նա շեշտեց, որ իշխանությունը չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ փորձում է ապատեղեկատվությամբ շեղել հասարակական կարծիքը: Որպես օրինակ նա բերեց Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը լրագրողների մասնակցության-չմասնակցության հարցը, ինչպես նաեւ երեկվա հայտարարությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը մերժելու մասին, մինչդեռ վերջինս պատրաստակամություն է հայտնել հանդիպել նրան:

«Իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ է կատարվում, շարժումը անկասելի է, քրեականներով եւ ապատեղեկատվություններով չեն կարողանա կանխել, արժանապատիվ քաղաքացիների պայքար է սա»,- նշեց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am