Հացադուլն արդեն հայտարարված է, եւ կոռեկտ չեմ համարում այդ կապակցությամբ մեկնաբանություն տալ: Այս մասին այսօր` մարտի 13-ին, Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելուց եւ տեւական զրույցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով`  քաղաքական ցանկացած գործընթաց, ցանկացած ակցիա պետք է դիտարկել ոչ թե ձեւի, այլ՝ բովանդակության մեջ, եւ «եթե նախագահի թեկնածուն որոշել է դիմել նման քայլի, նշանակում է` ինքն այդ քայլի մեջ տեսնում է որոշակի բովանդակություն, հետեւաբար պետք է դիտարկել ոչ թե ձեւը,այլ՝ բովանդակությունը»:

Փաշինյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել է ընթացիկ հարցերի մասին, քննարկել ծրագրեր, առաջիկա հանրահավաքի հետ կապված հարցեր, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ: Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե իր առաջարկած ստվերային կառավարության թեման փակված է, նա դա մերժված չի համարում եւ կարծում է, որ առաջիկայում այդ խնդրի հետ կապված մտքեր կհնչեն:

Փաշինյանը շեշտեց, որ իրեն քիչ է հետարքրքում` ինչ կանեն իշխանությունները, շատ ավելի կարեւոր է, թե ինչ կանի Ազատության հրապարակը, ՀՀ քաղաքացին: «Քաղաքական եւ քաղաքացիական այս պրոցեսի համատեքստում բռնությունները պետք է բացառել, ցանկացած ոք, ով կդիմի բռնության, նա կպարտվի, կարող եմ ասել, որ ժողովուրդը բռնության չի դիմել երբեք եւ չի դիմի»,- ասաց նա:

ՀԱԿ պատգամավորը տեղյակ էր, որ այսօր առավոտյան Արամ Մանուկյանն եւ Լեւոն Զուրաբյանն այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այցի մանրամասներին չի տիրապետում: «Ես կարծում եմ, որ ապրիլի 9-ին երդմնակալության արարողությունը կլինի, իսկ թե ումը կլինի, կգա ապրիլի 9-ը եւ կտեսնենք: Ընդդիմությանն անիմաստ է որեւէ պաշտոն առաջարկել, ընդդիմությանը պաշտոն կարող է  առաջարկել հանրապետության ընտրված նախագահը, ապօրինի իշխանությունը չի կարող  որեւէ մեկին պաշտոն առաջարկել»,- նշեց նա: 

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի` ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատը վայր դնելու առաջարկին, նա նշեց, որ «քանի որ ինքը պատգամավոր է, ցանկացած առաջարկ քննարկելի է համարում, հենց հիմա Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացի իմաստն այն է, որ պետք է առաջարկներ հնչեն, քննարկումներ լինեն, եւ բնականաբար, այդ համատեքստում եմ դիտարկում խնդիրը»: Ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքը, նրա կարծիքով, շատ տպավորիչ կլինի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am