Լեհաստանի ոստիկանությանը հետաքրքրել է տեսագրությունը, որտեղ դահուկորդը, վտանգելով սեփական կյանքը, կցվում է գնացքին եւ սլանում դրա հետեւից: Մեկ շաբաթ առաջ տեղադրված տեսագրությունն արդեն հավաքել է 300 հազար դիտում եւ հասել ոստիկանությանը, գրում է Fact.pl-ը:

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես մի խումբ երիտասարդներ պատրաստվում են  մեկնումի: Նրանք սպասում են WKD գնացքի կանգնելուն: Գնացքից ուղեւորների իջնելու ընթացքում արկածախնդիրներից մեկը բարձրանում է վերջին վագոնի վրա եւ ճոպանը կապում ամրակին: Ճոպանից բռնում է տեսագրության հերոսը, որն արդեն դահուկներով երկաթգծերի արանքում է: Մարզիկն սկսում է ընթանալ գնացքի հետ, հաղորդում է  Newsru.com-ը:

Մարզիկի արագությունը հասնում է 60-80 կմ/ժ-ի: Երիտասարդը կարողանում է ոչ միայն կանգուն մնալ դահուկների վրա, այլեւ մի քանի  հնարքներ կատարել, օրինակ` մեկ ոտքի վրա սլանալ:  Արգելակելու համար դահուկորդը սպասում է, որպեսզի դա անի գնացքը: Նա աստիճանաբա փոխում է հետագիծը, դուրս է գալիս ճանապարհի եզրին եւ  խրվելով ձյան մեջ` կանգ է առնում: 

Ոստիկանությանը չի զվարճացրել արկածախնդրի արարքը: «Դա իմ երբեւէ տեսած ամենավտանգավոր եւ հիմար արարքն է», - լեհ իրավապահի խոսքերն է մեջբերում The Daily Mail-ը: «Մենք այժմ ստուգում ենք տեսագրությունը, թե որտեղ է այն արվել, եւ ովքեր են նրա մասնակիցները: Նման արարքներն անուշադրության չեն կարող մատնվել, քանի որ կարող են ուրիշներին էլ դրդել նման գործողությունների», - ասել են ոստիկանությունում: