Թուրքական ոստիկանության ստեղծման 168-րդ տարեդարձը նշելու համար երեկո կազմակերպած Ստամբուլի ոստիկանությունը հրավիրել էր նաեւ 2011 թվականի Նովրուզի տոնակատարության ժամանակ քուրդ բնակչությանը դաժան միջոցներով ցրած ոստիկանապետին ապտակած քուրդ կին պատագմավոր Սեբահաթ Թունջելին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը կազմակերպած երեկոյին մասնակցելու համար հրավերներ էր ուղարկել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության մի շարք պատգամավորների, այդ թվում Սեբահաթ Թունջելին։ Հայտնի է դարձել, որ քուրդ պատգամավորներից ոչ մեկ չի մասնակցել երեկոյին։
Նշենք, որ Շրնաքի նահանգի Սիլոպի շրջանում Նովրուզի տոնակատարության ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով ցրել էր քուրդ բնակչության երթը, որից հետո քուրդ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը մոտեցել էր ոստիկանապետին եւ ապտակել՝ բղավելով. «Ի՞նչ եք անում, երեխաներին այդ ի՞նչ եք անում: Մի շարք վիրավորներ կան: Դուք հաշիվ եք տալու ձեր արածի համար»։
Այս դեպքից հետո ոստիկանությունը դիմել էր դատարան եւ 2 տարի տեւած գործընթացի արդյունքում դատարանը մեկ ամիս առաջ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելին մեղավոր է ճանաչել՝ պետական ծառայողի դեմ բռնություն կիրառելու համար եւ տուգանել 25 հազար լիրայով (մոտ 14 հազար դոլար)։











