ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, քիչ առաջ, ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ հայտնել, որ նա կրկին կնշանակվի վարչապետի պաշտոնում։
Սերժ Սարգսյանը առաջարկել է նաեւ իրենց պաշտոններում թողնել պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Բոլոր առաջարկներն ընդունվել են միաձայն: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում պետք է քննարկվի վարչապետի նշանակման հարցը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում վերընտրված Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նորընտիր նախագահին է ներկայացրել կառավարության հրաժարականը:
Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին խնդրել է պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Նրանք համարվում էին պաշտոնակատարներ:
Նշենք, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը՝ իր կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Նախագահը պարտավորվում է 10-օրյա ժամկետում նշանակել վարչապետին, 20-օրյա ժամկետում՝ ձևավորի նոր կառավարության կազմը:











