ՀԱԿ-ի երիտասարդներն այսօր՝ ապրիլի 19-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք պահանջում են Երեւանի քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը:

Ի դեպ, մինչեւ քաղաքապետարանի առջեւ հավաքվելը բախում տեղի ունեցավ ՀԱԿ ակտիվիստների եւ իրավապահների միջեւ: Ոստիկանները նրանց թույլ չէին տալիս հավաքվել քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, սակայն ՀԱԿ անդամներ Վլադիմիր Կարապետյանին, Տիգրան  Տեր-Պետրոսյանին հաջողվեց ճեղքել իրավապահների շղթան եւ անցնել:

Ակտիվիստներից Արեգ Գեւորգյանը նշեց, որ թեեւ իրենց հայտնի է ոստիկանների բթամտության մասին, բայցեւայնպես պահանջում էր, որ իրենց ասեն, թե ինչ հիմքերով թույլ չեն տալիս հավաքվել քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ:

Ի պատասխան ոստիկանները նշեցին, թե խանգարում են անցորդների ազատ տեղաշարժին: ՀԱԿ անդամ Լիզա Ճաղարյանը էլ դիմելով Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասաց. «Օսիպով, էդ ինչի՞ Րաֆֆիի վրա չես հարձակվում, հը՞: Թե՞ Րաֆֆիի վրա ուժդ չի պատում»:

Ի վերջո, ցուցարարները հավաքվեցին քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, որտեղ Արեգ Գեւորգյանն ընթերցեց ՀԱԿ հայտարարությունը` նշելով, որ վերջին շրջանում ականատես են լինում «ՀՀԿ-ի եւ նրա սպասարկու Տարոն Մարգարյանի ատկատների վերաբերյալ մամուլի բացառիկ բացահայտումների, որոնց առնչությամբ ոչ Տարոն Մարգարյանը, որ պատկան մարմինները, որեւէ բացահայտում կամ հերքում չեն ներկայացրել»:

«Խոսքը վերաբերում է  քաղաքապետարանի ֆինանսական միջոցների մսխման, անարդյունավետ ծախսման եւ կաշառակերության դեպքերին, «Երեւան» հիմնադրամի միջոցով ատկատներ իրականացնելու մեխանիզմին:  Խոսքը վերաբերում է Տարոն Մարգարյանի իր իսկ ձեռքով հայտարարգրված եւ չհայտարարգված միլիոնավոր դոլարների կարողությանը, որոնց ծագումը այլ տեղ անհնար է փնտրել, քան հանցավոր համաձայնությունների արդյունքում: Նեմեցի, Լֆիկի, Թոխմախի Մհերի, Միշիկի հետ նրա հանցավոր համաձայնությունների արդյունքում նաեւ պատմամշակութային արժեքները, հանրային տարածքները, կանաչապատ գոտիները ապօրինի ոչնչացվում են եւ բիզնես նպատակով օգտագործվում»,- ասված էր նրա ընթերցած հայտարարության մեջ:

Վերջինս նաեւ նշեց, որ այդ ամենը այլ բան չէ, քան հաղորդում հանցագործության մասին եւ իրավապահներին մեղադրեց ատկատների պարտակման մեջ: Նա պահանջեց «Երեւան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հայտարարագրերի հրապարակում, Վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացված ստուգումների արդյունքների հրապարկում եւ օրինազանց ու թալանչի պաշտոնյաների եւ նրանց գլխավորող ռեժիմի կամակատար Տարոն Մարգարյանի պաշտոնանկություն»:

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ցուցակի առաջին համարը` Վահագն Խաչատրյանը, Տարոն Մարգարյանին հրավիրել է բանավեճի, բայց որեւէ արձագանք չկա: «Թերեւս մնում է եզրակացնել, որ նա վախենում է գալ բանավեճի»,- կարծիք հայտնեց Վլադիմիր Կարապետյանը:

Նա հարց ուղղեց, թե ինչպե՞ս է հնարավոր, որ պետական պաշտոնյան ապրի 1 միլիոն դոլար արժողության տան մեջ: Քաղաքապետարանի մոտից բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Ազատության հրապարակ:

Ի դեպ, բողոքի ակցիան աչքի էր ընկնում բազմաթիվ պաստառներով, որոնց վրա գրված էր. «Տարոն, ուզում ես նորից քաղաքապետ դառնաս, որ ի՞նչ անես», «Տարոն, դատվելու ես», «Տարոն + Նեմեց հավասար է Սերժ»: