Հայ ագզային կոնգրեսի համամասնական ցուցակի 41 թեկնածուներից մեկին քիչ է մնացել ընդգրկեն ցուցակի մեջ իբրեւ ՀՀԿ համակիր: Այս մասին այսօր` ապրիլի 22-ին, Արաբկիր վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:
«Իրենց մոտ ընկերներին, լավ ընկերներին հանձնարարված է շտաբներ բացել Երեւանում, մեկը գալիս է Սյունիքի շտաբ է բացումը, մեկը` Շիրակի, մեկը` Արագածոտնի» Շտաբի պետեր են նշանակված մարզպետները, հավաքում են իրենց ընկերներին, ցուցակ են կազմում, կարող է նույնիսկ ձեզ էլ կանչեն: Արտառոց դեպք է եղել, մեր քառասուն թեկնածուներից մեկին քիչ է մնացել ընդգրկեն ցուցակի մեջ, որ իբր ՀՀԿ-ի համակիրն է»,- ասաց նա` շեշտելով, որ իշխանությունները մեծ ցանկություն ունեն ամեն գնով վերարտադրվել, իսկ երեկվա միջադեպը դրա ապացույցն է, ուզում են ցույց տալ, որ իրենք լավն են, կարող են ամեն ինչ անել:
Անդրադառնալով երեկվա միջադեպին` Վահագն Խաչատրյանն ասաց, որ երիտսարդը մոտեցել է իրենց ակտիվիստին, ասել, թե պետք է բուկլետ չտարածես, իսկ վերջինս հակադարձել է, թե դու ինչ իրավունք ունես:
«Ինքը մի հատ խփում է, հետեւից 30 հոգի հարձակվում է, իրենք մենակ վախենում են, շատ լավ գիտեն, որ իրենց մեջքին կանգնած է ոստիկանությունը, առանց դրա զրո են, վախկոտ են: Տեսնենք այս անգամ ոստիկանությունը ոնց է անելու, եղել է անօրիանակություն, մենք դիմելու ենք ոստիկանությանը: Եթե դուք լավ տղաներ եք, ինձ համար չակերտավոր, գործ տալու հետ գործ չունեք, գնացեք ձեր կյանքով ապրեք, մենք քաղաքականությամբ ենք զբաղվում, քաղաքականության մեջ այդպես է: Պարզվում է իրենք եկել են քաղաքականության մեջ, ուզում են մնան նաեւ այն դաշտում, բայց քաղաքականության մեջ գործ տվող են, այդ դաշտում չգիտեմ ինչպես են, թող իրենք մտածեն ով են իրենք, մեջտեղում ինչ-որ սիմբիոզ են»,- ասաց նա:
Այնուհետեւ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ իրենց ակտիվիստին ծեծողը այդ թաղում հայտնի է, նրա անունը Հրաչիկ է, ավագանու նախկին անդամ էր, միշտ ընտրություններին նման ակտիվությունէ ցուցաբերել:
Նա տեղեկացրեց, որ այս ընտրություններին ընդառաջ իրենք էլի շրջում են թաղամասերով, դռները թակում են եւ պարզել են, որ 40-50 տոկոս մարդ չի ապրում, Հայաստանը դատարկվում է: Նա նշեց, որ իշխանությունն այնքան հեռու է իրականությունից, որ նրա ներկայացուցիչներից մեկն ասել է, թե զարմացած է, որ ժողովուրդը վախեցած է, մինչդեռ ինքն այդ մարդն է, որ մարդկանց մեջ վախ է առաջացրել:
«Հավատացեք քաղաքային իշխանության բոլոր խնդիրները լուծելի են, մետրոյի հարցը վաղը կլուծենք, եթե չէ մյուս օրը հաստատ կլուծենք, կանաչ տարածքների հարցը վաղը կլուծենք, աղբահանությունը մեկին կգտնենք խելոք մարդ, որ կգա շատ գեղեցիկ կանի, փոքր բիզնեսին կօգնենք: Մի կարեւոր խնդիր կա` երեւանցի ազատ քաղաքացու խնդիր կա, որը չկա, մարդը չի ուզում կռիվ ունենա, պայքարի հիմար համատիրությունների դեմ, որոնք զբաղված են խաբելով, փող աշխատելով, համատիրությունը դարձել է քաղաքական մարմին, գործ տվող, մեր մասին ամեն ինչ գիտեն, փոխանցում են ոստիկանթյանը, հիմա գործ տվողը համատիրությունն է, հլը մտեք` տեսեք ում նկարներն է փակցված, իշխանավորների նկարներն են, ինքը դրանցից փող է ստանում, կախված, թե որքանով է ծառայել նրանց»,- ասաց նա:
Երեւանի քաղաքապետն ասաց, որ ընտրություններին հաղթելու մեծ շանսեր ունեն, պարզապես պետք է կարողանան կազմակերպել ժողովրդի մասնակցությունը մայիսի 5-ին, պետք է կարողանան քաղաքացուն տնից հանել. «Եթե վատ ենք անում, հուշեք մեզ, օգնեք մեզ, որովհետեւ քաղաքը ձեռից գնալու է, հետո երբ բոլորով էլ հավաքվենք, ուզենք էլ, չենք հասցնելու, չենք կարողանալու, երկիրը ձեռից գնում է, քաղաքը իր հերթին ձեռից գնում է, հետո ուշ է լինելու»:











