ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը այսօր` ապրիլի 24-ին ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում: Նա իր ելույթն ունեցել է հայերենով:

«Սիրելի հայ բարեկամներս հոս եւ աշխարհի չորս կողմերէ: Այսօր` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի օրը, խոսքս կուղղեմ ձեզ Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ձեր մեծ հայրերի լեզվով: Լեզու, որով իրենք կարտահայտեին իրենց հույզերը, կյանքը, եռանդները եւ սերը 1915-ից առաջ»,- նշել է Շիֆը եւ հավելել. «Ձեզ հետ կխոսեմ այն լեզվով, որով խոսողները Օսմանյան կայսրության տարածքում տասնյակ հազարներով ջարդվեցին, երեխաների, որոնք մի կաթիլ ջուր էին աղերսում, կանանց, որոնց բռնաբարվեցին, մայրերի, որոնք մահացան նորածիններն իրենց գրկում, վերապրողների, որոնք Ամերիկա եկան ազատությունը վայելելու եւ նոր կյանք հյուսելու համար»:

Ըստ Շիֆի, Թուրքիան մեկ դար հերքում է ցեղասպանությունը` ժխտելով այն: «Այսօր բոլորս հայ ենք»,- ասել է նա եւ նշել, որ ամերիկյան ժողովուրդը քաջորեն է խոսել բոլոր սարսափների մասին եւ դրանք կոչել իրենց անունով: Նա վստահություն է հայտնել, որ օրըգալու է, եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչվելու է: