Նինա Հակոբյանը ծնվել եւ մինչեւ 13 տարեկանն ապրել է Կերչում: Ընտանիքի հետ միասին արտաքսվել է Գերմանիա: Նինա Հակոբյանի պատմությունը երջանիկ ավարտ, սակայն ողբերգական էջեր ունի: Տիկին Հակոբյանը Ֆաշիզմի փոքրահասակ պատանդների միության անդամ է:

«Գերմանացիները մեզ արտաքսեցին 1942թ սեպտեմբերին: Մենք չորսն էինք` մայրս, հայրս, եղբայրս եւ ես: Ավագ եղբայրս մարտադաշտում էր: Տեղահանում էին ամբողջ փողոցը, բացառությամբ` հրեական ընտանիքներին: Մեզ շոգենավ նստեցրին, ձեռքներս սպիտակ դրոշակներ տվեցին, որպեսզի խորհրդային օդաչուները տեսնեն, որ տրանսպորտը քաղաքացիական է: Իսկ իրականում ներքեւում զինամթերք էին տեղափոխում: Հասանք Օդեսա: Այնտեղ մեզ գնացք նստեցրին եւ Ռումինիայով հասանք Գերմանիա: Տարան ճամբար, սակայն ոչ համակենտրոնացման` «ավելի մեղմ»: Գալիս էին գերմանացի ֆերմերներ եւ աշխատողներ ընտրում իրենց համար: Եղբորս ու հորս թողեցին ճամբարում` գործարանում աշխատելու: Ինձ մի գերմանական ընտանիք ընտրեց: Բախտս բերեց, որ ընտանիքը լավն էր: Նրանք իրենց աշխատողների համար ճաշարան ունեին: Ես պետք է նկուղից փայտ, ածուխ տանեի, որպեսզի տիրուհին վառեր վառարանն ու ճաշ պատրաստեր: Հետո ես պետք է ափսեները լկվանայի, մաքրեի խոհանոցը: Բացի այդ նրանք երկրորդ հարկում մի քանի սենյակներ ունեին, որը նման էր փոքրիկ հյուրանոցի: Այն ժամանակ ջրահեռացման համակարգ չկար: Ես պետք է սափորները ջուր լցնեի եւ հետո դատարկեի տազերը»,-իր պատմությունն սկսեց Նինա Հակոբյանը:

Տիկին Նինայի ընտանիքին գերությունից ազատեցին ամերիկյան զորքերը. «Զարմանալի է, սակայն գերմանական զորքերը չէին կռվում ամերիկացիների հետ, հանգիստ հետ էին նահանջում: Երբ ամեն ինչ հանդարտվեց, պատերազմն ավարտվեց, Խորհրդային միությունը սկսեց պահանջել իր քաղաքացիներին, ովքեր գտնվում էին ամերիկացիների կողմից զբաղեցրած տարածքներում: Մեր ընտանիքը վերադառնալու որոշում կայացրեց: Վերադարձանք Լայպցիգ: Այնտեղ էր գտնվում N6 ֆիլտրացիոն ճամբարը: Մենք այնտեղ մի քանի ամիս մնացինք: Մանրամասն հետազոտություններից հետո մեզ թույլ տվեցին վերադառնալ: Սակայն չկարողացանք Կերչ վերադառնալ եւ որոշեցինք մնալ Նովոռոսիյսկում: Գնում էինք ապրանքատար վագոնում: Ճիշտ նույն ժամանակ վերադառնում էր նաեւ հայկական դիվիզիայի կազմը: Կայարաններից մեկում մայրս, լսելով հայկական խոսք, հանդիպում խնդրեց հրամանատարի հետ, որպեսզի փորձի որեւ բան իմանալ ավագ եղբորս մասին. նախքան պատերազմը նա սովորում էր Երեւանի Անասնաբուժական ինստիտուտում, որտեղից էլ մեկնել էր ռազմաճակատ: Հրամանատարը եղբորս մասին տեղեկություններ չուներ, սակայն նա մեզ թույլ տվեց մնալ ռազմական էշելոնում` մի պայմանով, որ վագոնից չերեւանք: Այդպես մենք եկանք Հայաստան եւ աստիճանաբար ամեն ինչ հարթվեց»:

Ընտանիքի միավորման զարմանալի մի պատմություն՝ ավագ եղբայրը զորացրվել է 1951 թվականին, տեղափոխվել Երեւան, ավարտել ինստիտուտը։ Նինա Հակոբյանն անձամբ ավարտել է Տնտեսագիտական ինստիտուտը։

Գերմանացիների հանդեպ նա ատելություն չի տածում. «Լավ եմ հիշում գերմանացի այն ընտանիքը, որտեղ ապրել եմ։ Երկու դուստր ունեին՝ Գրետրուդն ու Էլզեն։ Տանտիրոջ անունն էր Կարլ։ Գերտրուդի ամուսինը զոհվել էր ճակատում։ Մի ամբողջ տարի նա սուգ էր պահում եւ ամուսնական երկու մատանի կրում՝որպես արի։ Բարի էր Գերտրուդը, նա էր օգնել իմանալ, թե ինչ է եղել ծնողներիս հետ։ Իսկ թե ինչ եղավ այդ ընտանիքի հետ հետո՝ չգիտեմ։ Նրանք մեզ համոզում էին մնալ, ասում էին, որ Սիբիր կուղարկեն։ Բարեբախտաբար, այդպես չեղավ»։

Մինչեւ գերի ուղարկվելն ընտանիքը թաքնվում էր քարհանքերում, ռմբակոծությունից թաքնվում էին ապաստարաններում ու անմիջապես բակերում փորված փոսերում։ «Մի անգամ, երբ գերմանացիները դեռ չէին շրջափակել քաղաքը, երեխաներով որոշել էինք կինո գնալ։ Սկսվեց տագնապը։ Վազեցինք ապաստարան։ Մի տղա՝ Վանյան, մնաց նայելու, թե ինչպես է թռչում ռումբը։ Մենք թաքնվեցինք։ Երբ ամեն ինչ անցավ, դուրս եկանք։ Վանյան չկար։ Մեկ էլ տեսանք՝ մարմինն առանձին է ընկած, գլուխն՝ առանձին։ Անասելի ողբերգություն էր։ Սարսափով եմ հիշում այդ ռմբակոծությունները»։

Երբ գերմանացիները մտան քաղաք, սկզբում առանձնացրին հրեաներին, ստիպեցին սպիտակ վեցանկյուն աստղեր կրել, որպեսզի զինվորներն իմանային, որ նրանք հրեա են։

 «Մի անգամ նրանք բոլոր հրեաներին հրամայեցին տաք իրերով հավաքվել հրապարակում։ Կարծում էինք՝ արտաքսելու են։ Հրեաները հրապարակ էին գնում ապրանքներով, երեխաներին սահնակներով էին տանում։ Մենք չգիտեինք՝ ուր են տանում նրանց։ Իսկ երբ գարնանը ձյունը հալվեց, հակատանկային խրամատներում դիակներ գտան, դրանք գնդակահարված հրեաներն էին»։

Նինա Հակոբյանը պարբերաբար հանդիպում է այլ նախկին մանկահասակ բանտարկյալների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ  ԱՊՀ այլ երկրներում. «Ճիշտ է, այժմ՝ ոչ հաճախ»:

Իսկ ամենամեծ խնդիրներից է այն, որ պետությունը բավականաչափ չի օգնում: «Հայաստանում մենք ընդամենը 20 հոգով ենք մնացել՝ հիվանդ, ծեր»: