Կենտրոնական Ռուսաստանում տորնադո է սկսվել: Տուլայի մարզից այն շարժվել է Կալուգայի մարզի Օբնինսկ:

Քաղաքի բնակիչները հայտնում են միանգամից մի քանի տորնադոների մասին: Ականատեսը Obninsk.Name հրատարակությանը պատմել է, որ դրանցից մեկը ձեւավորվել է  «Յուբիլեյնայա» հյուրանոցի մոտ, շարժվել մինչեւ Տրեուգոլնայա հրապարակ, որից հետո շարժվել դեպի Միշկովո ավան: 

Ականատեսները տեսագրել են եւս մեկ հսկայական պտտահողմ, երբ այն ատոմային էլեկտրակայանի տարածքով է անցել: Ըստ «Մոբիլնի ռեպորտյոր» ցանցի տվյալների՝ առաջիկայում տարերքը կարող է տեղափոխվել Մոսկվայի մարզ: 

Օբնինսկում զոհերի առկայության մասին տեղեկություններ չկան: ՆՏՎ-ն հայտնում է, որ քամին արմատախիլ է արել ծառերը, որոնք տապալվել են ավտոտնակների եւ կայանած մեքենաների վրա: Դեռ նոր պիտի որոշվի հասցված վնասի չափը:

Ավելի վաղ տարերային աղետը հարվածել էր Տուլայի մարզին: Եֆրեմով քաղաքը պտտահողմից հետո պատերազմի դաշտ էր հիշեցնում: Վնասվել էր ավելի քան 200 շենք, տասնյակ մարդիկ մնացել էին առանց էլեկտրականության, 20 մարդ դիմել էր բժիշկների օգնությանը: Քաղաքում արտակարգ դրությունն է հայտարարվել: