Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի էությունը պետք չէ ընկալել հակամարտության չկարգավորվածության համատեքստում, հայկական կողմը եւս ցանկանում է, որպեսզի գործընթացը տեղից շարժվի: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի Հայաստանի ԱԻՆ կատարած այցի ընթացքում:

Բաբայանի խոսքով՝ հակամարտող կողմերից մեկը միանգամայն այլ մոտեցում է դրսեւորում:

 «Ադրբեջանը շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, հերոսացնում է քնած մարդուն սպանած անձին: Ստեղծված իրավիճակում  պարզապես անիրատեսական է որեւէ  շարժ կամ փոփոխություն ակնկալելը», - նշել է Բաբայանը: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտության ներկա վիճակը եւս կարգավորման տարբերակ է, որը գործում է ավելի քան 20 տարի, եւ քանի որ այլ մոտեցում չկա, տվյալ տարբերակը նախընտրելի է բոլոր կողմերի համար. չկա պատերազմ, եւ պահպանվում է խախաղությունը: «Անհրաժեշտ է մշտապես աջակցել բանակցային գործընթացին՝ ժամանակ առ ժամանակ «վերակենդանացնելով»:

ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարության նման հայտարարությունների իմաստը այն է, որ հակամարտությունը կարգավորված չէ, այդ պատճառով ներկա վիճակը պատերազմից ձեռնտու է», - ասել է Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ Լավրովի հայտարարության մեսիջը հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն է:

Հիշեցնենք, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն անընդունելի է հակամարտող կողմերի, նաեւ՝ Ռուսաստանի համար: