Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մայիսի 31-ին, այցելել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Այցի ընթացքում նախագահ Սահակյանը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ տեղում ծանոթացել է Հայաստանի ԱԻՆ-ի գործունեությանը եւ հնարավորություններին: Նախագահի այցի կապակցությամբ ԱԻՆ-ի շենքի դիմացի հրապարակում ցուցադրություն է կազմակերպվել, որտեղ ներկայացվել են գերատեսչության ձեռքբերումները եւ տեխնիկական համալրվածությունը: Ցուցադրվել են նոր շարժական բաղնիքը, «շտապօգնության» մեքենան, ավտոբուսը: Ցուցադրական զորավարժանքներ են անցկացվել՝ գազի պայթյունի եւ բնակիչների տարհանման թեմայով:
Այնուհետեւ նախագահ Սահակյանն այցելել է Ճգնաժամային կառավարման կենտրոն, Փրկարարական ծառայություն եւ Հայաստանի ԱԻՆ-ի այլ ստորաբաժանումներ: Բակո Սահակյանը մասնակցել է նաեւ ԱԻՆ-ի աշխատակիցների խորհրդակցությանը:











