Մայիսի 21-ին ձեռքը մսաղացի մեջ թողած 3-ամյա Հենրիկը Երեխաների պաշտպանության օրը կանցկացնի իր «տոնական» հիվանդասենյակում` զարդարված փուչիկներով եւ տարատեսակ խաղալիքներով: Ամենասարսափելին արդեն անցյալում է, երեխան փրկված է, ողջ եւ առողջ, ձեռքը` դաստակով եւ մատներով հանդերձ, առկա է, մնում է սպասել մի քանի շաբաթ, մինչեւ լրիվ ապաքինվի:
Երեխայի ծնողները չեն ցանկանում խոսել դեպքի մասին եւ վերապրել այդ ամենը, իսկ երեխան դեռ նոր-նոր է սկսում խոսել: Փոխարենը, երեխայի հետ կատարվածի եւ բուժման ընթացքի մասին զրուցեցինք նրան վիրահատած բժշկի` Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ:
Բժիշկը մեզ հետ զրույցում նշեց, որ երեխայի դեպքը բացառիկ է թե հայկական, թե միջազգային պրակտիկայում: Այն բացառիկ է իր բնույթով, քանզի փոքրիկի ձեռքի անդամահատումը կատարվել էր մսաղաց մեքենայով, իսկ անդամահատված ձեռքը մի քանի տեղից վնասված էր, հաշվի առնելով նաեւ տարիքը, բավական դժվար էր ռեպլանտացիայի` վերապատվաստման, խնդիրը, համարյա` անհնարին:
«Չնայած դրան, խղճալով երեխային, նրա ամբողջ կյանքը առջեւում է, չէինք կարող վերքը փակել եւ երեխան զրկվեր ձեռքից, գնացինք ռիսկի` ռեպլանտացիայի: Երբ երեխային բերեցին, ձեռքը գտնվում էր մսաաղացի մեջ, քանդեցինք այդ մսաղացը, կարողացանք ձեռքի անդամահատված մասերը վերցնել եւ գնացինք վիրահատության: Քանզի ճզմված եւ դժվար դեպք էր, առաջացավ խցանում, անոթները միլիմետրից տասը անգամ փոքր էին: Սա ամենարտառոց եւ դժվար վիրահատություններից մեկն էր, քանզի կառույցները, որոնց վրա վիրաբույժը վիրահատում է, սովորական աչքով նույնիսկ անտեսանելի է, ուր մնաց մենք կարողանանք ոչ միայն վերականգնենք, այլեւ, որպես խողովակ, հայելանման մակերեսով ապահովենք, որ արյունը շրջանառվի, չնչին խորդուբորդությունը բերում է խցանման եւ վերջույթը ամբողջովին կորցնում ես»,- պատնեց Արտավազդ Սահակյանը:
Փոքրիկ Հենրիկին վիրահատել են երկու անգամ, առաջին վիրահատությունը տեւել է 7,5 ժամ, երկրորդը` 5,5: Բժիշկների շնորհիվ` երեխան ձեռքից չի զրկվել, մատները եւս կենդանի են, նրանց մեծ դժվարությամբ հաջողվել է վերականգնել 3-ական զարկերակ եւ երակ, առայժմ միջադեպից մնացած միակ «հետքը» ճկույթի ծայրային հատվածն է, որը ճզմված է եւ սեւացած, բայց սա ընդամենը ժամանակի հարց է: Առայժմ վիրահատություն նախատեսված չէ, բայց հետագայում հնարավոր է հեռացվի ճկույթի եղունգային հատվածը, որը ճզմված է: Այժմ երեխան բժիշկների հսկողության տակ է, բավական արյուն է կորցրել, համապաըասխան դեղամիջոցներ է ստանում, եթե անհրաժեշտ լինի, նաեւ` արյան ներարկում կանեն: Նրա վիճակը գնահատվում է բավարար, իսկ լիովին ապաքինվելու համար շաբաթներ են պահանջվելու:
Իսկ թե ինչպես է եղել միջադեպը, ապա մայրը բժշկին պատմել է, որ երեխան բավականին ակտիվ է, նախ փորձել է դանակը վերցնել, մայրը դանակը խլել է, շրջվել է, որպեսզի դնի սեղանին, իսկ այդ ընթացքում երեխան ձեռքը մտցրել է մսաղացի մեջ, եւ հավանաբար մարմնով ճնշել է էլեկտրական կոճակը եւ այն միացել է: Հենրիկը տան ավագն է, ունի 10 ամսական քույր:
Արտավազդ Սահակյանը կոչ է անում երեխաներին հեռու պահել սուր-խոհանոցային գործիքներից, կրակից, փողոցում, տանը եւ ամենուր ուշադիր լինել, քանի որ ամեն նոր բան նրանց գրավում է եւ դիպչելու ցանկությունը մեծ է: Իսկ եթե արդեն դեպքը պատահել է, ապա բժիշկը խորհուրդ է տալիս անմիջապես դիմել մասնագետներին, որպեսզի երեխայի վիճակը չբարդանա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 20-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Փարպեցի փողոցի շենքերից մեկի բնակարանում 3 տարեկան երեխայի ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մսաղացը կտրելու համար փրկարարները 3-ամյա Հենրիկ Օգոմցյանին հոսպիտալացրել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Ժամը 12.58-ին, բժիշկները մսաղացից հանել են փոքրիկի ձեռքը, ապա հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայում երկու անգամ վիրահատել են:
Ինգա Մարտինյան











