Մոսկվայում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի: Ռուսաստանի ՆԳՆ տվյալներով, Երեւանի 29-ամյա բնակիչը չարաշահել է վստահությունը, խարդախ եղանակով առեւանգել եւ հետո վաճառել է մեքենաները: Ավտոմեքենաների սեփականատերերին հասցված վնասը կազմում է 8 մլն ռուբլի (260 հազար դոլար):
Կատարված հանցագործությունների փաստով Հայաստանի քննչական մարմինների կողմից հարուցվել է քրգործ` «խարդախություն» հոդվածով, կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հետախուզվողը Ռուսաստանի տարածքում գաղտնի կյանք է վարել, հաճախ փոխել է բնակության վայրերն ու բջջային հեռախոսների համարները: Օպերատիվ-աշխատանքների արդյունքում խուզարկուները պարզել են նրա գտնվելու վայրը եւ բերման ենթարկել Մոսկվայի Հարավ-Արեւելյան շրջանում գտնվող բնակարանից:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, որոշվում է Հայաստան արտաքսելու հարցը:











