Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, առկա է դրական դինամիկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը։
Նա նշեց, որ նա մեկ հրազենային վիրավորում է ստացել, զինվորական հոսպիտալ են տեղափոխել արդեն Գորիսի բժշկական կենտրոնում լյարդը վիրահատվելուց հետո։ «Բարեբախտաբար, վերականգնվել է լյարդի ամբողջականությունը, գնդակը մնացել է մկանների շերտի մեջ գոտկային հատվածում, գնդակը հեռացրել ենք տեղափոխման հաջորդ օրը»,- ասաց Արամ Ասատուրյանը։
Հոսպիտալի ղեկավարը նշեց, որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է պլանային հետվիրահատական բուժում։ Այժմ Արտակ Բուդաղյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, բայց օրերի ընթացքում կտեղափոխվի այլ բաժանմունք, իսկ վերջնական ապաքինումը հնարավոր է տեւի շաբաթներ։
Արամ Ասատուրյանն ասաց, որ հրամանատարը ի սկզբանե եղել է գիտակցության, պարզապես նման վիրահատությունից հետո հետվիրահատական վիճակում շփումը դժվար է։ Նա դեռ ցուցմունք չի տվել, դա կանի այլ բաժանմունք տեղափոխվելուց հետո։ Նրան այցելել են հարազատները, ընտանիքի անդամները, իրավապահները, Զինված ուժերի քննչական ծառայության պետը։ Տնօրենը կարծում է, որ Արտակ Բուդաղյանը հիշում է դեպքի մանրամասները, նրա վիճակից երեւում է, որ հիշում է, սակայն չի խոսել այդ թեմայով նրա հետ։
Արամ Ասատուրյանը շեշտեց, որ առայժմ երրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն չկա։ Տնօրենը չի կարծում, թե արտերկրում բուժումը շարունակելու անհրաժեշտություն կլինի։ Արամ Ասատուրյանը վստահ է, որ Արտակ Բուդաղյանը կշարունակի իր ծառայությունը, պիտանի կլինի հետագա ծառայության համար, նա առողջ սպա է, նորմալ տղամարդ է, ֆիզիկական պատրաստվածությունը բարձր է, ինից ելնելով արագ ոտքի կկանգնի։
Տնօրենը նաեւ նշեց, որ վիճակից ելնելով նրան չեն հայտնել եղբոր մահվան մասին, դա կասեն այլ բաժանմունք տեղափոխելուց հետո, երբ առողջական վիճակը ամուր լինի եւ նրան կպատրաստեն։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











