Հայաստանի ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր՝ հունիսի 20-ի վաղ առավոտյան անցկացրել են հերթական պարապմունքները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ օդադեսանտային փրկարարական ջոկատի 18 անդամներ ՊՆ գնդապետ Թեւոս եւ կապիտան Քրիստինա Իլիկչյանների ղեկավարությամբ 2-օրյա տեսական դասընթացներից հետո իրականացրել են ուսումնական թռիչքներ։

Դասընթացի բոլոր մասնակիցներն արդեն թռիչքի փորձ ունեին, իսկ 8 նորեկներին, որոնք առաջին անգամ պարաշյուտով թռել էին մոտ մեկ ամիս առաջ, ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբիրելյանը հանձնեց այդ փաստը հաստատող հատուկ կրծքանշաններ։

ՀՀ արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ պայմանավորվածության համաձայն` օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամները շարունակելու են պարբերաբար մարզվել ՊՆ մասնագետների հետ եւ ուսումնական թռիչքներ իրականացնել` մշտական պատրաստվածությունն ապահովելու համար։