Ոստիկանության կրթահամալիրում, այսօր՝ հունիսի 24-ին, տեղի է ունեցել ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ավարտական դիպլոմների հանձնման արարողությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Շրջանավարտներին իր եւ ոստիկանության պետի անունից շնորհավորել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Նա հույս է հայտնել, որ մագիստրատուրայի առաջին շրջանավարտներն իրենց գիտելիքները կներդնեն հանցավորության դեմ պայքարի, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, օրինականության ամրապնդման գործում:
Շնորհավորանքի խոսք է ասել նաեւ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Արթուր Օսիկյանը դիպլոմները հանձնել է շրջանավարտներին: Մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած Լալա Գրիգորյանը հավաստիացրել է, որ կարդարացնեն կրթահամալիրի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հույսերը:











