Մոտ մեկուկես ժամ տեւած Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոլդովա, ինչպես նաեւ մի շարք ներկուսակցական, կազմակերպչական հարցեր: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ մարզպետների կամ պաշտոնանկությունների հարց չի քննարկվել: «Որեւէ փոփոխության մասին ակնարկներ չեն եղել, եւ մենք համոզված ենք, որ որեւէ փոփոխություն չի լինելու»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ դեռ որոշված չէ, թե Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում մարզպետ դարձած արդեն նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի փոխարեն ով կառաջադրվի; ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով` նիստին չի քննարկվել նաեւ «օֆշորային սկանդալի» եւ վարչապետի առնչությունը վերջինիս: Նա շեշտեց, որ իրենք հիմքեր չունեն վարչապետին կասկածելու:
Ինչ վերաբերում է ըստ լրատվամիջոցների` աշնանը ակնկալվող ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի մասին, ապա Գալուստ Սահակյանն ասաց, որ «դրանք հորինված մոտեցումներ են», միեւնույն ժամանակ նա ավելացրեց, որ քաղաքականության մեջ նման բաները չի կարելի բացառել, «բայց այս պահին ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու քաղաքական նախադրյալ չկա, թեեւ քաղաքական ուժերը միշտ էլ տարբեր իրավիճակներում կարող են համաձայնության գործընթացներ սկսել»:
Գալուստ Սահակյանը «հորինված» որակեց նաեւ վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող ՀՅԴ-վարչապետ հակադրության մասին լուրերը` շեշտելով, որ «լրագրողական աշխարհը փորձում է կուսակցության ծավալների մեջ մխրճվել, ինչը արժեքավորված գործողություն չի համարում եւ որեւէ հակադրություն լինել չի կարող»:











