Դինամո մարզահամալիրի մոտ առեւտրով զբաղվող մանրավաճառներին ոստիկանները այսօր` հուլիսի 13-ին թուլ չտվեցին սովորականի նման զբաղվել առեւտրով, եւ շուրջ 2 ժամ տեւած բանակցություններից հետո առեւտրականները շարժվեցին Վերնիսաժ` այնտեղ շարունակելու իրենց առեւտուրը:
Առեւտրականների լիազոր ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2,5 տարի առաջ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը իրենց արտաքսել է Վերնիսաժի տարածքից եւ տեղափոխել են Դինամո մարզահամալիրի դիմաց: Սակայն այդ տարածքում ոստիկանական բաժանմունքի բացումից հետո ոստիկաններն են արգելում այդ հատվածում առեւտրով զբաղվել:
Սամվել Սիմոնյանի խոսքով, կամայականությունների արդյունքում մինչեւ 320 առեւտրական զրկվելու է օրվա հացից: «Մեր հարգելի քաղաքապետը կարգադրել էր, որ մեզ տեղ տային, որ մենք հանապազօրյա հաց աշխատեինք, սակայն ոստիկանությունը ոչ մի զիջման չգնաց: Նույնիսկ չթույլատրեց, որ չոր ասֆալտի վրա կանգնենք, հաց աշխատենք: Վերնիսաժում էլ քաղաքապետարանի առեւտրի բաժնի աշխատակիցը եկավ եւ հրահանգեց վերնիսաժի տարածքից հեռանալ: Ստացվում է, որ մենք մեր ազատագրած երկրում տեղ չունենք»,- դժգոհեց առեւտրականը: Հարցին, թե ինչ այլընտրանք են առաջարկում, նա մանրամասնեց. «Առաջարկեցին մի կես փողոց շենքի լուսամուտների տակ, որտեղ 50-66 մարդ կաշխատի, բայց մենք վախենում ենք, որովհետեւ բնակիչները ասացին, որ եռացրած ջուր կլցնեն մեր գլխին, քանի որ դա իրենց բնակելի տարածքն է»:
Իսկ իրավապահները փոխանցեցին, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում եւ ավելի ուշ կպարզվի առեւտրականներին վերնիսաժի տարածքում տեղ թույլ կտան, թե ոչ:











