Տավուշի մարզի Արճիս-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղաբնակներն իրենց բերքը վաճառում են հենց ավտոճանապարհին` այդկերպ վտանգելով նաեւ իրենց կյանքը: Ինչպես Տավուշի մարզից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, բնակիչները ճամփեզրին դույլերով վաճառում են իրենց այգու բարիքները` դեղձ, թուզ, ազնվամորի եւ ալն: Թեեւ օրվա ընթացքում վաճառում են մի քանի կիլոգրամ, սակայն մեծ է վտանգը, որ ամեն պահի կարող են վրաերթի ենթարկվել մայրուղիով երթեւեկող արագընթաց մեքենաների կողմից: Հատկապես, որ նախոդ տարի Արճիս համայնքում նմանատիպ դժբախտ դեպք գրանցվել է, երբ օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի Հանրապետություն ավտոճանապարհի 78-րդ կմ-ին Արմավիր քաղաքի բնակիչ` 30-ամյա Աշոտ Սաֆարյանը, վարելով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 30 ՕԼ 454 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ` 63-ամյա Սարգիս Ավագյանի կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի 15 ՕՏ 598 համարանիշի` ավտոմեքենայի բացված դռանը: Արդյունքում վրաերթի է ենթարկվել մրգեր վաճառող, Արճիս գյուղի բնակչուհի, 57-ամյա Մելինե Ավագյանին:
Դեպքից հետո վարորդը բախվել է սյանը, այնուհետեւ վիրավորին թողնելով անօգնական վիճակում, հեռացել է: Մելինե Ավագյանը զույգ ոտքերի վնասվածքային ամպուտացիա ախորոշմամբ, տեղափոխվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ եւ գիշերը մահացել էր:
Նույն այս վայրում այսօր էլ դրված է ծաղկեպսակ` ի հիշատակ մահացած կնոջ, որի կողքին համագյուղացիները շարունակում են առեւտրով զբաղվել:
Լուսանկարներն ու տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի/NEWS.am











